Դաշնակցությունը համոզված է, որ նոր սահմանադրական կարգի ընդունումը նոր էջ է բացելու մեր երկրի համընդհանուր զարգացման համար՝ հիմնադրելով ժողովրդի կամքի իրացման նոր, արդիական պետական համակարգ: Այն փոխելու է իրեն սպառած եւ վարկաբեկած գործող պետական կառավարման ձեւը եւ քաղաքական-իրավական ռեժիմը: Այդ մասին խորհրդարանի ամբիոնից հայտարարել է Հ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

«Մենք այս համոզումը ունեցել ենք Հայաստանի անկախացումից ի վեր: Մենք վստահ ենք եղել, որ 91-95թթ. հաստատված սահմանադրաօրենսդրական կարգը հակաժողովրդավարական էր եւ ունենալու էր այս ծանր հետեւանքները:  Նախագահի պաշտոնը ներդրված էր արդեն 1991 թվականից, երբ Հայաստանը դեռեւս Սահմանադրություն չուներ: Իսկ ինչպես փաստում է մարդկության փորձը, Սահմանադրության եւ դրա վրա հիմնված օրենսդրության բացակայության պայմաններում ցանկացած երկրում պետական կառավարման նախագահական ձեւը անխուսափելիորեն տանում է բռնապետության, ինչում հայ ժողովուրդը եւս համոզվեց իր սեփական փորձով:

 1995թ. ընդունված Սահմանադրությունը սոսկ իրավաբանական ուժ եւ շունչ հաղորդեց արդեն հաստատված հակաժողովրդական ռեժիմին: Դաշնակցությունը այդ օրերին չկարողացավ այդ բոլոր վտանգների մասին մեր ժողովրդին լիարժեք տեղեկացնել եւ կանխել այդպիսի Սահմանադրության ընդունումը, որովհետեւ կուսակցության գործունեությունը հանրաքվեից առաջ արգելվեց, իսկ նրա մի մասը՝ բանտարկվեց նույն այդ ռեժիմի կողմից: ¦Ոչ-ի§ համարժեք ճակատ ձեւավորելու մասին խոսք անգամ չէր կարող լինել, Էլ ուր մնաց խոսենք այդ Սահմանադրության լեգիտիմության մասին»,- նշել է Ռուստամյանը:

«Հիմա Դաշնակցությունը, ըստ էության, անում է այն, ինչ չհաջողվեց անել 91-95թթ.: Մեր այսօրվա «այո-ն» ըստ էության մեր հետեւողական «ոչ-ն» է 95 թվականի այդ հակաժողովրդական Սահմանադրությանը: Քանզի ակնհայտ է, որ հակաժողովրդավարական իրավաքաղաքական ռեժիմի հիմնադրման պատճառով մեր երկրի շեղումը ժողովրդավարությունից չի կարող վերացվել այլ կերպ, քան նույն այդ ռեժիմը արմատախիլ անելու միջոցով: Ինձ համար անընդունելի, բայց հասկանալի է, որ այն ռեժիմի ներկայացուցիչները, որ ժամանակին «այո» են ասել 1-ին Սահմանադրությանը, հիմա պիտի «ոչ» ասեն՝ հակառակ դեպքում ստիպված կլինեն ընդունել սեփական ֆիասկոն:

Սակայն, դժվար է ընդունել կամ հասկանալ նրանց, ովքեր բազմիցս հայտարարել եւ նպատակ են հետապնդել անցնելու խորհրդարանական համակարգի, համամասնական ընտրակարգի եւ մեծացնելու ընդդիմության դերակատարությունը, հիմա այս ամենին փաստացի դեմ եմ: Դեմ են միայն այն պատճառով, որ նախաձեռնությունը գալիս է նախագահից, ոչ թե իրենցից: Ուրեմն, ժամանակին կամ չեն հասկացել, թե ինչ են պահանջում կամ չեն ենթադրել, որ կարող է իրենց պահանջը բավարարվի»,- ասել է ՀՅԴ ներկայացուցիչը: