«Նաիրիտ» գործարանի վերականգնման համար 250-300 մլն դոլար է անհրաժեշտ: Այս մասին սեպտեմբերի 16-ին խորհրդարանում հայտարարեց Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:

Նա չհամաձայնեց ընդդիմության հայտարարություններին այն մասին, որ գործարանի վերականգնման համար 50-60 մլն դոլարը բավական է՝ հավելելով, որ այդ գումարը չի բավականացնի անգամ գործարանի մեկ տարվա ընթացիկ ծախսերի համար: «Գումարը մեծ է, եւ մենք անում ենք հնարավոր ամեն ինչ՝ ներդրողներ գտնելու համար»,- հավելեց:

Նա նշեց, որ գործարանի աշխատակիցները, որոնց վճարել են աշխատավարձի ամբողջ պարտքը, հրաժարվել են ուշացման համար բոլոր տուգանքներից, սակայն, նախարարի խոսքով, դա արել են կամավոր (հիշեցնենք, որ իրենք՝ աշխատակիցները, հակառակն էին պնդում):

Հիշեցնենք, որ 2006թ. պետությունը «Նաիրիտ»-ի բաժնեմասերի 90%-ը 40 մլն դոլարով վաճառել էր բրիտանական Rhinoville Property Limited կոնսորցիումին։ ԱՊՀ Միջպետական բանկը 2006թ.-ին Rhinoville Property Limited ընկերության համար 70 միլիոն դոլարի բանկային գիծ էր բացել, որը ընկերությունը չէր փակել։ Մոսկվայի արբիտրաժային դատարանը 2014թ. հունվարին բավարարել էր Միջպետական բանկի մասին հայցը` հայկական «Նաիրիտ» գործարանի սեփականատիրոջից պարտքեր դիմաց 90% բաժնեմասերը բռնագրավելու հայցը։ Մնացած 10%-ը պատկանում է Հայաստանի կառավարությանը։

2015 թվականի հուլիսի 28-ին Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հայտարարեց, որ ԱՊՀ Միջպետական բանկի հետ բանակցությունների արդյունքներով, բանկը համաձայնել է Հայաստանի կառավարությանը զիջել գործարանից չառգրաված դեբիտորական պարտավորությունները, եւ շուտով Կառավարությունը կկարողանա օրինական կերպով տիրապետել գործարանի բաժնետոմսերի մնացյալ 90%-ին: