Հայաստանի Սահմանադրական փոփոխությունների նախագիծը սխալ է սահմանում Կենտրոնական բանկի իրավասությունները: Այս մասին սեպտեմբերի 16-ին խորհրդարանում հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Նրա խոսքով, նույնն արվեց նաեւ 2005 թվականին. գների կայունությունը սահմանելու իրավասությունը նախկինում վերագրվեց դրամավարկային քաղաքականությանը: Դա սխալ է. ըստ Բագրատյանի, ԿԲ-ն չպետք է միայն գների պահակ լինի:
ԿԲ-ի իրավասությունների սահմանումը սխալ է համարում նաեւ ՀՀԿ խմբակցությունից Վարդան Այվազյանը:
Ի պատասխան՝ Նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը հայտարարեց, որ այդպիսի հերթականությունը 2013 թվականին երաշխավորել է Արժույթի միջազգային հիմնադրամը, սահմանադրական բարեփոխումների վաղ փուլում:
«Ամեն դեպքում, ձեւակերպումների փոփոխությունները կարելի է քննարկել»,- հավելեց Պողոսյանը:




























