Սահմանադրական բարեփոխումներն անհրաժեշտ են Հայաստանի քաղաքական դաշտի կենսունակության համար։ Այս մասին սեպտեմբերի 18-ին՝ ՀՀ խորհրդարանի արտահերթ նիստի ժամանակ, հայտարարեց ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը։

«Սխալ են նրանք, ովքեր, տրվելով պոպուլիզմին, կարծում են, որ Սահմանադրությունը փոխվում է մեկ մարդու համար։ Թող ոչ ոք Սահմանադրությունը սեփական չգրված օրենքների հետ չշփոթի։ Պետությունը մենք բոլորս ենք՝ եւ՛ նրանք, ովքեր այստեղ նստած են, եւ՛ Ազատության հրապարակի ցուցարարները, եւ՛ սահմանի զինվորները, եւ՛ այդ նույն սահմանի գյուղացիները, որոնք ապրում են թշնամու կրակի տակ, բայց չեն լքում իրենց հողը։ Սահմանադրությունը բոլորի համար է եւ կոչված է օգնելու՝ բոլորի համար ստեղծել լավագույն պայմանները»,- ասաց Սահակյանը։

Նրա խոսքով՝ ո՛չ Սահմանադրությունը, ո՛չ բարեփոխումները ինչ-որ մեկի օգտին կամ ինչ-որ մեկի դեմ չեն։ Դրանք անհրաժեշտ են սոցիալ-տնտեսական եւ հասարական զարգացման համար։ «Հենց այդ պատճառով էլ քննարկումներ են ընթանում, իսկ առաջարկները դիտարկվում են՝ անկախ կուսակցական պատկանելիությունից»,- հավելեց խոսնակը։