Սահմանադրական բարեփոխումներից հետո Հայաստանում ընդդիմությունը դուրս կգա լուսանցքային վիճակից։ Այս մասին սեպտեմբերի 18-ին կայացած ՀՀ խորհրդարանի արտահերթ նիստում հայտարարեց ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանը։
Նրա խոսքով՝ թեպետ ընդդիմության մի մասը դեմ է բարեփոխումներին, պետք է հասկանալ, որ, ի թիվս այլ բաների, առաջարկվում է ստեղծել ուժեղ եւ գործունակ ընդդիմություն, որն ավելի մեծ հնարավորություններ կունենա, քան նախկինում։ «Ներկայիս իրավական դաշտը ընդդիմությանը թույլ չի տալիս բառացիորեն ինչ-որ բանի վրա ազդեցություն ունենալ։ Այդ պատճառով էլ նա ստիպված հայտնվում է լուսանցքային վիճակում եւ իշխանափոխության մասին կարգախոսներ է հնչեցնում։ Հիմա նրան հնարավորություն է տրվում իսկապես ուժեղ դառնալ։ Այսօրվա իշխանությունները առաջնորդվում են հետեւյալ սկզբունքով՝ ուժեղ իշխանությունն առանց ուժեղ ընդդիմության հնարավոր չէ»,- ասաց Հարությունյանը։
Հիշեցնենք, որ Սահմանադրական բարեփոխումների նախագծով՝ ընդդիմությունը ժամանակավոր հանձնաժողովներ ստեղծելու, խորհրդարանի արտահերթ նիստեր հրավիրելու եւ Կառավարությանն անվստահության քվե հայտնելու իրավունք է ստանում։




























