Հայ-թուրքական սահմանի բացումը չի բխում ո’չ Թուրքիայի, ո’չ Ադրբեջանի շահերից, կարծում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հանրային-քաղաքական հարցերի բաժնի ղեկավար Ալի Հասանովը:

Նրա կարծիքով, դա կարող է հանգեցնել նրան, որ «Հայաստանը շարունակի ապակառուցողական դիրք բռնել բանակցություններում»:

«Մենք այդ դիրքորոշումը հասցրել են Թուրքիայի պաշտոնատար անձանց, եւ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու նախագահ Աբդուլլահ Գյուլը քանիցս ասել են, որ քանի դեռ Հայաստանը կառոցողական դիրքորոշում չի որդեգրել ղարաբաղյան հարցում, սահմանը չի բացվի: Մենք հավատում ենք Թուրքիայի պաշտոնատար անձանց եւ կարծում, որ քանի դեռ պայմանները չեն ապահովվել, սահմանը չի բացվի»,- ասել է Հասանովը:

Սեպտեմբերի 11-17-ին Հայաստանում անցկացվելու են ՆԱՏՕ-ի «Արմենիա-2010» զորավարժությունները, որոնց մասնակցելու են 19 երկրների, այդ թվում Թուրքիայի 3 զինծառայողներ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Թուրքիայի ԱԳՆ Եվրասիայի երկրների հարցերով վարչության պետ Ֆաթիհ Ջեյլանը հայտարարել էր, թե Թուրքիան, որպես ՆԱՏՕ-ի անդամ, չի կարող արգելել, որպեսզի Դաշինքի խմբավորումները անցնեն իր սահմանով, բայց դա չի նշանակում, որ Թուրքիան պաշտոնապես կբացի հայ-թուրքական սահմանը: