Թուրքիայի հայտարարություններն այն մասին, թե ինքը քննարկում է հայ-թուրքական սահմանը ժամանակավորապես բացելու հնարավորությունը, շոու է՝ կազմակերպված հատուկ Ադրբեջանի համար։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուրադ Շարմազանովը։ Նրա խոսքով, սա Անկարայի փորձն է՝ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա։

«Հնարավոր է՝ դա կապված է Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլի՝ Բաքու կատարած վերջին այցի հետ»,- ասաց Շարմազանովը՝ ենթադրելով, որ Թուրքիան եւ Ադրբեջանը որոշ հարցերում չեն կարողացել ընդհանուր հայտարարի գալ, ինչից հետո էլ թուրքական լրատվամիջոցներում տեղեկություն է հայտնվել այն մասին, թե թուրքական բանակը կանգնած է Ադրբեջանի հետ սահմանին եւ այլն։

Հարցին, թե կբացվի՞, արդյոք, հայ-թուրքական սահմանը, Շարմազանովը նշեց, որ եթե խոսքը գնում է հարաբերությունների կարգավորման համատեքստում սահմանի բացման մասին, ապա Թուրքիան «շատ լավ կանի՝ այն բացելով առանց նախապայմանների», իսկ եթե խոսքը ժամանակավոր բացման մասին է, ապա դա ոչ այլ ինչ է, եթե ոչ` շոու։

NEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ սեպտեմբերի 11-17-ը Հայաստանում տեղի կունենան ՆԱՏՕ-ի՝ «Հայաստան-2010» զորավարժությունները, որոնց կմասնակցեն 19 անդամ-երկրների զինվորականներ, այդ թվում՝ 3 թուրք ներկայացուցիչ։