Հայաստանը ՄԱԿ-ին տրամադրվելիք խաղաղապահ ստորաբաժանումների պատրաստման հավակնոտ ծրագիր ունի: Այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը՝ Panorama.am-ի խնդրանքով մեկնաբանելով ՄԱԿ-ի առաքելություններին մասնագիտացված ստորաբաժանումներ տրամադրելու վերաբերյալ ՀՀ նախագահի հայտարարությունը:

Ինչպես հայտնի է՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադը մի քանի օր առաջ ստացավ միջազգային հավաստագիր, համաձայն որի` ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ հավասար պայմաններում կարող է մեկ ամբողջական խաղաղապահ գումարտակ տեղակայել խաղաղապահ գործողությունների ընթացքում: Սեպտեմբերի 28-ին ՀՀ Նախագահը ՄԱԿ-ի խաղաղապահության գագաթաժողովում հայտարարեց, որ Հայաստանը ստանձնում է նոր հանձնառություն` պատրաստել եւ ՄԱԿ-ի առաքելություններին տրամադրել մասնագիտացված ստորաբաժանումներ: Կմանրամասնեք ի՞նչ է իրենց ներկայացնում այս նոր հանձնառությունը եւ ինչ կարողություններով են օժտված լինելու այդ ստորաբաժանումները:

Միջազգային խաղաղապահության բնագավառում վերջին 10-11 տարիների ընթացքում մեր ձեռքբերած փորձը, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների եւ գործընկեր երկրների մոտ մեր խաղաղապահների` որպես վստահելի եւ պրոֆեսիոնալ զինակցի վաստակած հարգանքը, հիմք են հանդիսացել, որպեսզի ՄԱԿ-ի խաղաղապահ գործողությունները համակարգող կառույցները դիմեն Հայաստանին ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններում պահանջվող մասնագիտացված կարողություններ պատրաստելու եւ տրամադրելու խնդրանքով: Սա է նաեւ պատճառը, որ Հայաստանը ընդգրկվել է մոտ չորս տասնյակ երկրների ցանկում, որոնք հրավիրվել են գագաթաժողովին: Նշեմ, որ այս պահին աշխարհի տարբեր մասերում ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններում ներգրավված են մոտ 120 երկրներից 100.000 ավելի խաղաղապահներ, որոշ երկրներ տրամադրում են մի քանի հազար խաղաղապահների, սակայն շատ քիչ երկրներ են կարող տրամադրել մասնագիտացված ստորաբաժանումներ:

ՀՀ ՊՆ կողմից առաջարկվող առաջին ստորաբաժանումը դա միջազգային չափորոշիչներով ԴԵՐ2 (Role 2) մակարդակի դաշտային հոսպիտալ է, այն իրենից ներկայացնում է շարժական արագ տեղափոխվող հոսպիտալային համակարգ, որը տեղակայվում է վտանգավոր գոտու անմիջական հարեւանությամբ, ունի առաջին մասնագիտական բժշկական օժանդակություն տրամադրելու կարողություն, խնդիրն է հիվանդ կամ մարտի դաշտից դուրս բերված վիրավոր անձնակազմի վիճակը կայունացնել` անհրաժեշտության դեպքում իրականացնել անհետաձգելի վիրահատական միջամտություն, եւ ապահովել նրա ապահով էվակուացիան դեպի հոսպիտալներ` հետագա բուժումը անցնելու նպատակով: Համակարգն ունի վիրահատական եւ կարճատեւ հոսպիտալացման հնարավորություններ: Մեր այս ստորաբաժանումը ստեղծվելու է ԱՄՆ կողմից 2007 թվականին տրամադրված ԻՄԵԴՍ դաշտային հոսպիտալի հիման վրա: Երկրորդ ստորաբաժանումը դա ՀՀ ՊՆ խաղաղապահ ինժեներասավորավորային գումարտակն է, որը այժմ Հայաստանի տարածքում իրականացնում է հումանիտար ականազերծում: Գումարտակը համալրվելու է վերջին տարիներին ահաբեկչական խմբավորումների կողմից լայնորեն կիրառվող ինքնաշեն պայթուցիկ սարքերի հայտնաբերման եւ վնասազերծման տեխնիկայով, անձնակազմն անցնելու է միջազգային չափորոշիչներին համապատասխան վերապատրաստում եւ տեղակայման դեպքում ապահովելու է միջազգային ուժերի կամ տարածաշրջանի բնակչության անվտանգ տեղաշարժը:

Ի՞նչ ընթացքում է ներկայումս գտնվում ստորաբաժանումների պատրաստման եւ գնահատման գործընթացը եւ ե՞րբ դրանք պատրաստ կլինեն տեղակայման համար եւ արդյոք ՀՀ նախագահի այս առաջարկը վերաբերո՞ւմ է ՄԱԿ-ի կոնկրետ առաքելությանը:

Ստորաբաժանումների պատրաստման համար մենք պլանավորել ենք բավականին հավակնոտ ծրագիր, նախատեսում ենք աշխատանքներն ավարտել 2-3 տարվա ընթացքում: Սակայն ոչ բոլոր հարցերն են կախված հայկական կողմից: Անձնակազմի պատրաստումը պետք է իրականացվի մեր միջազգային գործընկերների աջակցությամբ, ունենք նաեւ տեխնիկական վերազինման խնդիր, որի լուծման հարցում նույնպես ակնկալում ենք մեր գործընկերների աջակցությունը: Առաջին փուլում նախատեսում ենք վերապատրաստել գնահատող անձնակազմին, այնուհետեւ մինչեւ հիմնական գնահատման զորավարժությունը, ստորաբաժանումները կմասնակցեն մի քանի միջազգային զորավարժությունների: Նշված երկու ստորաբաժանումներն էլ զուգահեռ հավաստագրում են անցնելու թե՛ ՆԱՏՕ-ի, թե՛ ՄԱԿ-ի կողմից: Ստորաբաժանումների պատրաստումից եւ հավաստագրումից հետո դրանք կհամալրեն ՄԱԿ-ի այսպես կոչված «Խաղաղապահ կարողությունների պահեստային ուժերը», այսինքն` ՄԱԿ-ը նման ստորաբաժանումների անհրաժեշտության դեպքում կդիմի Հայաստանին դրանք այս կամ այն առաքելության շրջանակներում տեղակայելու խնդրանքով, ինչին Հայաստանը կարձագանքի համաձայն ներպետական ընթացակարգերի: Ստորաբաժանումները կլինեն ճկուն եւ պատրաստ կլինեն տարածաշրջանային յուրահատկությունների առկայության դեպքում հատուկ նախատեղակայման վարժանք անցնելուց հետո` տեղակայվել ցանկացած տարածաշրջանում: