Թուրքիայի «Ժողովրդի փրկություն» (HKP) կուսակցությունը դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ պահանջելով նախագահի պաշտոնից հեռացնել Ռեջեփ Թայիփ Էրդողանին, քանի որ նրա դիպլոմը կեղծ է։
Թուրքական Haber3 կայքի փոխանցմամբ՝ HKP-ն Կենտրոնական ընտրական հանձնաժողովից պահանջել է Թուրքիայի նախագահի պաշտոնից հեռացնել Ռեջեփ Թայիփ Էրդողանին, քանի որ արդեն 2 ապացույց կա, որ նա չունի նախագահ լինելու համար անհրաժեշտ 4-ամյա բարձրագույն կրթություն, իսկ նրա դիպլոմը կեղծ է։
Պահանջի հիմք է հանդիսացել հետազոտող Էրգյուն Փոյրազի ուսումնասիրություններն ու Էրդողանի դիպլոմի միջուկի հրապարակումը, որը տարբերվել է այն դիպլոմից, որը ավելի վաղ պաշտոնապես հրապարակվել էր։ Էրգյուն Փոյրազը պնդել է, որ 2 դիպլոմն էլ կեղծ են եւ պետք է դադարեցվի Էրդողանի պաշտոնավորումը որպես նախագահ։
Փոյրազը շեշտել է, որ այն տարիներին, թե իբր Էրդողանը սովորել է համալսարանում, իրականում նա աշխատել է Ստամբուլի տրանսպորտային վարչությունում լրիվ գրաֆիկով։ «Հետաքրքիր է տեսնել մի համալսարանի կողմից նույն մարդուն տված երկու տարբեր դիպլոմներ, որոնք 2-ն էլ կեղծ են»,-ասել է Էրգյուն Փոյրազը։
Նշենք, որ ավելի վաղ թուրք ազգայնամոլ պատմաբան Յուսուֆ Հալաչօղլուն եւս տվյալներ էր հրապարակել՝ պնդելով, որ Էրդողանին դիպլոմ տված համալսարանը ստեղծվել է Էրդողանի կողմից համալսարանն ավարտելուց հետո։ Հալաչօղլուն եւս պնդել էր, որ Էրդողանի դիպլոմը կեղծ է եւ նա պետք է հեռացվի պաշտոնից։





























