ՀՀ գլխավոր դատախա Գեւորգ Կոստանյանը նորմալ է համարում, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2008թ. մարտի 1-ին սպանված 10 անձանց գործով 2011թ. մայիսին ուղարկված գանգատների քննությունը միայն այս տարվա սեպտեմբերին է սկսել:
«Գործը ձգձգված չէ, ողջամիտ է: Եթե ուսումնասիրենք, թե սովորաբար երբ է ՄԻԵԴ հայց ներկայացվում, ու երբ է այն կոմունիկացիայի առարկա դառնում, համոզված եմ, չեք պնդի, գործը ձգձգված է: Շատ այլ դեպքերում կարող է 6,7, 8 տարի հետո տվյալ հարցը կոմունիկացիայի առարկա դառնա Եվրոպական դատարանում»,- այսօր՝ սեպտեմբերի 30-ին, լրագրողների հետ զրույցում ասել է դատախազը:
Հիշեցնենք, որ 2008թ. փետրվարի 18-ի նախագահական ընտրություններից հետո ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները հավաքվել էին Ազատության հրապարակում եւ պահանջում էին ընտրությունների վերանայում: Նրանք 10 օր շարունակ շուրջօրյա հանրահավաքներ էին անցկացնում Ազատության հրապարակում: Մարտի 1-ի առավոտյան ոստիկանությունը ուժով ցրեց Ազատության հրապարակում հավաքվածներին, իսկ նույն օրը երեկոյան իշխանությունները հրազեն կիրառեցին անզեն ցուցարարների դեմ, որի հետեւանքով զոհվեց 10 քաղաքացի, այդ թվում երկու ոստիկան: Մինչ օրս 10 զոհերի համար ոչ ոք պատասխանատվություն չի կրել:
Մարտի 1-ի գործերով մինչեւ հիմա ընդհանուր առմամբ մոտ 6 տասնյակ գանգատ է ուղարկվել Եվրադատարան, առայժմ որևէ վճիռ չի կայացվել: 2015թ. սեպտեմբերի 7-ին սկսվել է «Վաչագան Ֆարմանյանն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործի քննությունը: Եվրադատարանն արդեն առաջին հարցերն է ուղղել Հայաստանի իշխանություններին։





























