«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում իրականացվող աուդիտի վերջին փուլի արդյունքները հայտնի կլինեն դեկտեմբերի սկզբին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը:

«Մենք այսօր ներկայացրել ենք առաջին փուլի հաշվետվությունը, երկրորդ փուլինը նախատեսում ենք հոկտեմբերի վերջին, իսկ երրորդը՝ դեկտեմբերի առաջին տասնօրյակին: Առաջին փուլը ենթադրում էր, որ խորհրդատվական ընկերությունը տար գնահատականը սակագների հիմնավորվածության մասին: Երկրորդ փուլում ընկերությունը գնահատելու է, թե մենք ինչ ռեզերվներ ունենք եւ ինչպիսի քայլեր կարող ենք կատարել օպտիմալացնել մեր ամբողջ էներգոհամակարգը: Երրորդ փուլում քննարկելու ենք մեր հեռանկարները»,- ասաց Ռոբերտ Նազարյանը:

Նրա խոսքով՝ անցկացվող աուդիտի համար նշանակություն չունի, թե ով կլինի ընկերության սեփականատերը. «Ընկերությունը շարունակելու է իր բնականոն աշխատանքը, սեփականատերը կարող է փոխվել: Իսկ սեփականատիրոջ փոփոխությամբ որեւէ գործընթաց չի փոփոխվելու»:

Հիշեցնենք, որ ՀԾԿՀ որոշմամբ՝ օգոստոսի 1-ից էկեկտրաէներգիան Հայաստանի սպառողների համար կթանկանա 6,93 դրամով: Հասարակական ճնշման եւ բողոքի երկարատեւ ակցիաների արդյունքում նախագահ Սերժ Սարգսյանը որոշել էր, որ կանցկացվի աուդիտ՝ պարզելու ՀԷՑ-ի ներկայացրած սակագնի թանկացման հայտի անհրաժեշտության հիմքերը, իսկ մինչեւ աուդիտի արդյունքների հրապարակվելը՝ կառավարությունը կստանձնի ավելացված սակագնի վճարման պարտավորությունը:

Սեպտեմբերի 30-ին հրապարակվել են աուդիտի 1-ին փուլի արդյունքները, որոնց համաձայն՝ սակագինը բարձրացնելու որոշումը հիմնավորված է:

Նշենք, որ սեպտեմբերի 30-ին Vedomosti-ն, վկայակոչելով «Ինտեր ՌԱՕ» ընկերությունը, հայտնել էր, որ «Տաշիր» խումբն ու «Ինտեր ՌԱՕ» ընկերությունը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության առք ու վաճառքի վերաբերյալ պայմանագիր են ստորագրել: 

ՀԾԿՀ-ն էլ հոկտեմբերի 1-ին կհաստատի թույլտվությունը՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ 100  տոկոս բաժնետոմսերը վաճառելու «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը, որը գրանցված է օֆշորում: