«Ընդդեմ կանանց դեմ բռնության» կոալիցիայի անդամներն այսօր՝ հոկտեմբերի 1-ին՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օրը, Կառավարության շենքի դիմաց պահանջում են Ընտանեկան բռնությունը կանխարգելող օրենք ընդունել:

NEWS.am-ի հետ զրույցում կոալիցիայի անդամ Նվարդ Մարգարյանը նշեց, որ Երեւանում արդեն 5 տարի է հոկտեմբերի 1-ը նշվում է որպես ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օրը, սակայն այն դեռեւս պետականորեն չի ընդունվել: 

«Այստեղ ենք Կառավարությունից պահանջելու, որպեսզի ընդունի օրենք, որը կկանխարգելի ընտանեկան բռնությունը եւ այլեւս բռնության հետեւանքով կանայք ինքնասպանություն չեն գործի, կամ չեն սպանվի ամուսինների կողմից»,-ասաց նա:

Կառավարության դիմաց կոալիցիայի մոտ մեկ տասնյակ անդամներ կանգնած են «Սերը բռնություն չէ», «Մի եղեք անտարբեր բռնության հանդեպ», «Ձեր լռությունը կարող է կյանք արժենալ», «Պահանջում ենք ընտանեկան բռնության դեմ օրենք» պաստառներով, ինչպես նաեւ ընտանեկան բռնությունից տուժած կանանց լուսանկարներով:

Ընտանեկան դեմ բռնության պայքարի ազգային օրը Հայաստանում հռչակվել է 2010թ.՝ ի հիշատակ ընտանեկան բռնության հետեւանքով մահացած Զարուհի Պետրոսյանի: Օրվա խորհուրդն է ընտանեկան բռնության կանխարգելումը, հանրային իրազեկվացության բարձրացումն ու ընտանիքների առողջացումը: