Թուրքիայի Մալաթիայի նահանգապետը ժխտել է օրեր առաջ թուրքական Milliyet-ում հրապարակված այն լուրը, թե Մալաթիայում անցկացվելիք միջազգային կինոփառատոնի անունը «Ոսկե ծիրան» է լինելու։

Օգոստոսի 25-ին թուրքական հայտնի թերթերը անդրադարձել էին NEWS.am-ի՝  Թուրքիայի Մալաթիա նահանգում «Ոսկե ծիրան» անունով կինոփառատոն անցկացնելու վերաբերյալ հրապարակմանը, որտեղ NEWS.am-ի թղթակցի հարցերին ի պատասխան, Երեւանյան «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի մամուլի ծառայությունը տեղեկացրել է,. որ Երեւանյան «Ոսկե Ծիրան»-ը ոչ մի կապ չունի վերը նշված միջոցառման հետ: Բացի այդ,  նշվել էր, որ «դատական կարգով  անվանումը օգտագործելու վիճարկման հարցը մեր կողմից կքննարկվի լիակատար եւ վերջնական տեղեկատվություն ստանալուց հետո»:

Այս հրապարակումներից հետո, անմիջապես արձագանքել է Մալաթիայի նահանգապետը՝ նշելով, որ իրենց կազմակերպելիք կինոփառատոնը չի կոչվելու «Ոսկե ծիրան»։ «Մեն գիտենք, որ Երեւանում կազմակերպվում է «Ոսկե ծիրան» անունով կինոփառատոն, որը միջազգային արենայում բավականին հայտնի միջոցառում է։ Մեր կազմակերպելիք կինոփառատոնի անունը լինելու է «Մալաթիայի միջազգային կինոփառատոն»։  Սակայն փառատոնի վերջում լինելու է մրցանակաբաշխություններ եւ լավագույն մրցանակը լինելու է մեր նահանգի առանձնահատկության խորհրդանիշը։ Աշխարհում եւ Թուրքիայում Մալաթիայի ամենահայտնի միրգը՝ ծիրանն է։ Աշխարհում որակյալ ծիրանի եւ ծիրանի չրի մի զգալի մասը Մալաթիային է բաժին ընկնում։  Աշխարհում ծիրանի 75 տոկոսը աճեցվում է Մալաթիայում։  Մալաթիայից 82 երկիր ծիրան է առաքվում։ Այնպես, որ մենք իրավունք ունենք մեր մրցանակի անունը դնել «Ոսկե ծիրան», որը բոլորովին չի խախտում Երեւանում անցկացվող փառատոնի իրավունքները։ Եթե մեր կինոփառատոնի անունը լիներ «Ոսկե ծիրան», այդ դեպքում նրանց իրավունքները կխախտեինք։ Բացի այդ, միրգը ոչ մեկի մենաշնորհը չէ»-ամփոփել է Մալաթիայի նահանգապետ Ուլվի Սարանը։