101-ամյա Անուշավան պապը լուսահոգի պապիս է հիշեցնում: Ուզում եմ մոտենալ, գրկել, բայց զսպում եմ ինձ, ամաչում եմ, միայն հետը խոսելով եմ սահմանափակվում:
Սկսում եմ բարձր խոսել հետը, արդեն լավ չի լսում պապը: Փորձում եմ պարզել՝ ինչպես է հայտնվել Նոր-Նորքի տուն-ինտերնատում:
Պատմում է՝ արդեն 4 տարի է՝ ինչ ծերերի ինտերնատում է, մինչեւ այդ ընկերոջ՝ Սուրիկի հետ բնակարան է վարձել:
101-ամյա պապը կիսաձայն է ասում, որ երկու որդի ունի: Փորձում է արդարացնել նրանց. ասում է ՝ իրենք էլ արդեն երիտասարդ չեն՝ մեկը 74, մյուսը՝ 64 տարեկան է:
«Մեկը Մոսկվայում է, մյուսը այստեղ է: Մեկ-մեկ այցելում է ինձ, միասին մի քիչ ժամանակ ենք անցկացնում, հետո գնում է: 30 000 դրամ աշխատատավարձ է ստանում, կինն էլ մի քանի ամսից նոր թոշակի կանցնի: Միջոցներ չունեն ինձ պահելու համար»,-խորը շունչ քաշելով՝ ասում է Անուշավան պապը:
Հարցնում եմ՝ ինչի համար է ստացել կրծքի շքանշանները, հպարտությամբ թվում է՝ 76 տարեկանում թարս հեծանիվ է քշել, Ալագյազի բարձունքն է գրավել, վոլեյբոլի մարզիչ է եղել. կարճ ասած՝ սպորտային հաջողությունների համար է պարգեւատրվել:
Հարցնում եմ՝ սպորտով զբաղվե՞լն է իր երկարակեցության գաղտնիքը, ի նշան համաձայնության գլխով է անում եւ ավելացնում. «60 տարի չեմ ծխել»։
Երիտասարդ տարիները հիշելիս՝ Անուշավան պապը զվարթանում է, պարծենում է՝ «լավ ուխաժոր եմ եղել»:
Երիտասարդությունից անցնում է մանկությանը, պատմում, որ իր ընտանիքը 1913թ. Վանից գաղթել է Երեւան, աշխատանք չունենալու պատճառով որոշ ժամանակ անց գաղթել է Ադրբեջան, որտեղ թերթ են վաճառել: Մեկ տարի անց ծնվել է ինքը: Ընտանիքը 1931թ. վերադարձել է Երեւան:
1938թ. ամուսնացել է թիֆլիսահայ կնոջ հետ, կինը 1998թ. մահացել է:
Անուշավան պապը 60 տարի աշխատել է «Զվարթնոց» օդանավակայանում որպես ավագ կարգավար: 1988թ. Սպիտակի երկրաշարժից հետո ազատվել է աշխատանքից տարիքի պատճառով:
Կրկին անցնում են ծերանոցում ապրելուն: Ասում է՝ ինքն իրեն ծերանոցում լավ է զգում, ընկերներ է ձեռք բերել:
Փափուկ անկողնում քնում, ընկերների հետ հետաքրքիր ժամանակ անցկացնում, բիլիարդ է խաղում, արդեն բիլիարդի վարպետ է: Այս տարիքում էլ է երբեմնի մարզիկը իր ֆիզիկական առողջության մասին մտածում. օրը մի քանի անգամ դուրս է գալիս ծերանոցից, երկար քայլում, բայց վերջերս հոգնում է, ուշ–ուշ է զբոսանքի դուրս գալիս: Առողջությունից չի գանգատվում, միայն ալերգիայից է դժգոհում:
Անուշավան պապն ասում է՝ իր ապրած կյանքն է իրեն ուժ տվել 101 տարի ապրելու համար, հետո ժպտում է. «120 տարի եմ ապրելու»:


Մարիա Գեւորգյան




























