Թուրքիայի «Արդարություն եւ զարգացում» (AKP) կուսակցության մամուլի խոսնակ Օմեր Չելիքը հայտնել է, որ Hurriyet-ի լրագրող եւ CNNturk-ի հաղորդավար Ահմեդ Հաքանին ծեծողներից 3-ը եղել են իրենց կուսակցությունից։
Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ AKP-ի մամուլի խոսնակ Օմեր Չելիքը հայտարարել է, թե Ահմեդ Հաքանի դեմ հարձակումից հետո ուսումնասիրել են հիշյալ անձանց կուսակցական պատկանելության մասին պնդումները եւ պարզել, որ նրանցից 3-ը AKP-ի անդամ են։
«Այս ամենը հայտնի դառնալուց հետո որոշում է կայացվել՝ հիշյալ 3 հոգուն հեռացնել կուսակցությունից»,-ասել է Օմեր Չելիքը։
Նշենք, որ սեպտեմբերի 30-ին հերթական հաղորդման ավարտից հետո Ահմեդ Հաքանը ուշ երեկոյան տուն է գնացել, որի ժամանակ էլ նրա մեքենային հետեւից թույլ հարվածել է մի սեւ մեքենա։ Այնուհետ մեքենայի մեջ գտնվողները առանց որեւէ բառ ասելու իջել եւ ծեծի են ենթարկել Ահմեդ Հաքանին եւ նրա թիկնապահին։
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ հարձակում իրականացրած 4 անձն էլ ձերբակալվել են։ Ոստիկանները ուսումնասիրում են հարձակում իրականացնողների կապը հնարովոր պատվիրատուների հետ, քանի որ վերջին շրջանում Ահմեդ Հաքանը լարված բանավեճերի մեջ է եղել իշխանությունների ներկայացուցիչների հետ։




























