Եթե կրկնուսույցները դիմորդների հետ պարապեին ոչ թե դասաժամերի հաշվին, այլ դասապրոցեսի ավարտից՝ 15:00-ից հետո, կրթության եւ գիտության նախարարությունը նրանց նկատմամբ հարկ սահմանելու կարիք չէր տեսնի: Այս մասին NEWS.am-ին ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
«Թող բարի լինեն, ժամը 3-ից շուտ պարապմունք չկազմակերպեն, ոչ մի օրինագծի կարիք նախարարությունը չի տեսնի: Խնդիրը հարկայինը չի, խնդիրն այն է, որ լիցենզիոն պայմաններ լինեն, որոնք կարգելեն 3-ից շուտ պարապմունքներ անել դասերի հաշվին»,- ասաց նախարարը:
Հարցին` արդյոք դպրոցն այնքան գիտելիք է տալիս աշակերտին, որ հնարավոր լինի առանց կրկնուսույցի դիմելու բուհ ընդունվել, Աշոտյանը պատասխանեց, որ հատկապես քննական բոլոր թեստերը ներառող շտեմարանների առկայության պարագայում առանց կրկնուսույցի ինքնուրույն ԲՈՒՀ–ի ընդունելությանը պատրաստվելը լիովին հնարավոր է դարձել։
«Նկատի ունեք ինքնուրույն անգիր անե՞լը»,– հարցրինք նախարարին։
«Կան նաեւ խելացի երեխաներ, որոնք անգիր չեն անում»,– ասաց Աշոտյանը։
Արմեն Աշոտյանը նշեց, որ ինքը հարցը վաղուց է բարձրացրել։
Նշենք, որ Ազգային ժողովն առաջիկայում կքննարկի կառավարության մշակած մի օրինագիծ, որով «Արտոնագրային հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելով առաջարկվում է 2016թ–ից հարկային դաշտ բերել կրկնուսույցներին, դերձակներին, կոշկակարներին և ժամագործներին:
Ավելի վաղ NEWS.am–ի հետ զրույցում այս օրինագծից դժգոհել էին նաեւ կրկնուսույցները։
Ըստ կառավարության՝ այդ փոփոխությունը ստվերը կրճատելու և բյուջեի հարկային եկամուտներն ավելացնելու նպատակ է հետապնդում:





























