Բաբկենը պարզ հիշում է` ինչպես առաջին անգամ թմրանյութ փորձեց։ Ընտանիքում եւ անձնականում ամեն ինչ կարգին էր, ֆինանսապես միշտ էլ ապահովված է եղել: 15–ամյա պատանու հետաքրքրություն էր. գիտեր` «ինչի տակ են» սիրած երաժիշտները երգեր գրում. «Ուզեցի ես էլ զգամ էն, ինչ իրանք են զգում»։
Եթե ջահել ես, փող ունես, միշտ կգտնվեն մարդիկ, որոնք «ընկերաբար» առաջին թմրանյութը կհյուրասիրեն։
Բաբկենը սկսեց մարիխուանայից, որը նրան հյուրասիրում էին տարիքով իրենից մեծ, թմրանյութերի նկատմամբ ոչ անտարբեր «ընկերները»: Շուտով անցավ հերոինի, որի մասին «ընկերոջից» լեգենդներ էր լսել: Թմրամիջոցը ձեռք էր բերում հենց նրանից, որն ավելի ուշ իրեն ոստիկանների ձեռքն է հանձնում, որպեսզի իրենից «պոկած» 400 հազար դրամից բաժին ունենա:
«Արդեն գիտեի`մարիխուանան ինչ ա, ավելի լուրջ բաների անցա: Հերոինից սկսեցի, սկզբից քթերս էի քաշում, չէի ծակվում, որովհետեւ ձեւը չգիտեի: Ումից որ վերցնում էի, ասում էր` պետք չի ծակվել: Մի օր հենց իրա հետ էլ իրա գարաժում ծակվեցի, ես դեռ ինքս ինձ չէի կարողանում սրսկել: Անցավ մի շաբաթ, ասեցի` մի հատ էլ անեմ, երեք օր հետո մի հատ էլ արեցի. տենց սկսեցի ամեն օր, օրը` 2-3 անգամ»,- ասում է Բաբկենը, որը հիմա արդեն հստակ տեսնում է այն ծրագիրը, որով «ընկերը» քայլ առ քայլ փորձում էր իրեն «փոսը քցել»` դարձնելով մշտական հաճախորդ:
Բաբկենի ծնողները երկար ժամանակ գլխի չէին ընկնում, որ որդին թմրամոլ է դարձել. «Տնեցիք չէին էլ կասկածում, որ դեղ եմ անում, ինձ շատ էին վստահում, սիրում»:
Մի օր մայրը նրա մահճակալի ներքնակի տակից արյունոտ ներարկիչներ գտավ: Թեեւ Բաբկենը մորը համոզեց, թե ընկերոջ ներարկիչներն են, սակայն մոր մոտ լուրջ կասկածներ առաջացան, մանավանդ որ տղան ահռելի գումարներ էր տնից տանում:
«Անտանելի փողեր էի ծախսում, ինչ ունեի, ծախում էի, ավտո էի առել, ծախեցի, բայց ու՞ր ա փողերը, ոչ մեկ չգիտի: Սկսեց ավելի շատ կասկածել, երեւի չէր ուզում հավատալ, պապաս տենց էլ չիմացավ»,- ասում է Բաբկենը։
Մոր կասկածներն ամենաաբսուրդ կերպով հաստատվեցին.
«Պապան ռուս ընկեր ուներ, մի օր կնոջ հետ եկան մեր տուն։ Էս կինը երեւի պայծառատես էր, ասել էր` մինչեւ ձեր տղուն չտենամ, չեմ գնալու: Չէի ուզում սենյակիցս դուրս գայի, բայց արդեն լավ չէի, դեղ պիտի անեի, շպրից չունեի: Դուրս էկա սենյակից, գնամ դեղատուն: Էս ռուս կնիկը դուրս էկավ դեմս, ասում ա` что ты колешь?... ասում էր էն՝ ինչ չէի ուզում լսել, ձեռներից քաշեցի, կիլդիմ-բան, մաման եկավ, էս կնիկն ասում ա՝ կապեք, մի սենյակում գցեք, «ваш сын чистой воды наркоман»։
Այս միջադեպը Բաբկենի համար ահազանգ դարձավ, որ կանգ առնելու ժամանակն է։ Մայրն արդեն գիտեր, նրա աչքերին չէր կարողանում նայել։
«Արդեն հոգնել էի, հոգեպես, բարոյապես, ֆինանսապես վատ վիճակում էի, որոշեցի թարգել ծակվելը, որ ծնողներիս աչքերի մեջ կարողանամ նայել: Էս դեպքից հետո մի օր մտքումս ասեցի` էլ չեմ անելու. դուրս էի եկել, բայց տվայտանքների մեջ էի, տաքսի կանչեցի, գալիս էի տուն, տուն չհասած՝ երկու խաչմերուկ ներքեւ, տաքսին կանգնեցրի, նասկուս միջից շպրիչը հանեցի, դրեցի ավտոյի ակի տակ, նստեցի, ասեցի՝ քշի տուն, դեղով շպրիչի ճտոցը լսեցի, անցանք առաջ, ու տենց չեմ անում, չեմ անում, չեմ անում ու զարմանում են, որ չեմ անում, ոչ մեկ չէր հավատում, որ ես կթարգեմ»,-ասում է զրուցակիցս:
Բայց «ասեղից» հրաժարվելը չի նշանակում, որ այլեւս թմրամոլ չես, չնայած դա էլ կամքի մեծ ուժ է պահանջում։ Բաբկենը ներարկման պակասը լրացնում է չներարկվող թմրամիջոցներով։ Հետդարձի ճանապարհ, ասում է, չկա. «Թմրամոլը նախկին չի լինում, պրոստը մի օր էլ չի ծակվում»:
Մարիա Գեւորգյան





























