Հայտնի  լուսանկարիչ փաստավավերագրող Նիք Դանզիգերը 2005թ.-ին սկսել է լուսանկարների արխիվ հավաքել, որոնք պատկերում են 8 երկրներում ապրող կանանց եւ երեխաների կյանքը։ The Guardian-ում լույս տեսած այդ ֆոտոպատմություններից մեկը ներկայացնում է Հայաստանի Գյումրի քաղաքում ապրող երիտասարդ ընտանիքի կյանքը։ NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է պարբերականում հրապարակված հոդվածը։

2005թ. Աիդան 13 տարեկան էր, եւ կրտսեր քրոջ՝ Տաթեւիկի խնամքի ողջ հոգսն ընկած էր նրա ուսերին։ Տաթեւիկը 2.5 տարեկան էր։ Նրանց 14-ամյա եղբայրը գյուղում սեզոնային աշխատանք էր կատարում։

Ողջ օրը Աիդան տնային  գործերով էր զբաղվում, իսկ հետո խաղում էր կրտսեր քրոջ հետ։ Նախաճաշին նրանք մի կտոր ցամաք հացով թեյ էին խմում, ճաշին սուպ էին ուտում, իսկ ընթրիքին՝ նորից թեյ՝ միայն թե արդեն առանց հացի։

Տանը ո՛չ հոսանք կար, ո՛չ ջուր, ո՛չ ջեռուցում։ Աիդան անհանգստանում էր կրտսեր քրոջ առողջության համար. չէ՞ որ Տաթեւիկից առաջ ծնված 2 քույրերը թոքաբորբից մահացել էին։

Աիդան դպրոցից դուրս ընկերներ չուներ։ Ազատ ժամանակ նա նախընտրում էր միայնակ մնալ։ Երբ նրան հարցրեցին, թե ինչ նվեր կուզեր ստանալ, աղջիկն ասաց՝ գունավոր մատիտներ։

7 տարեկանում Տաթեւիկը հիվանդանում է տուբերկուլյոզով, եւ նրան խնամակալության են վերցնում։ Առողջարանում նա ապաքինվում է, սակայն 2 տարի շարունակ զրկված է լինում ավագ քրոջը տեսնելու հնարավորությունից։

Աիդան ամուսնանում է  եւ 2010թ.,  երբ 18 տարեկան էր, 2-րդ անգամ է հղիանում։ Նա շարունակում է ծանր պայմաններում ապրել՝ առանց ջուր, էլեկտրականության եւ ջեռուցման։ Եթե նրա ամուսինն արտասահմանում չէր (Սիբիրում շինարարություն էր անում), ապա զբաղվում էր մեքենաներ լվանալով, որպեսզի ապահովի ընտանիքի հանապազօրյա հացը։

Այսօր Աիդան ապրում է 4 աղջիկների հետ 2-սենյականոց բնակարանում։ Հարեւանությամբ չկա ո՛չ մանկական հրապարակ, ո՛չ մանկապարտեզ։ Հագուստը գնում են ապառիկով։ Բնակարանում չկան պայմաններ երեխաներին լողացնելու համար։ Աղջիկները հիմնականում ուտում են տապակած կարտոֆիլ։ Ձմռանն ընտանիքը կարողանում է միրգ գնել ամիսը մեկ  կամ երկու անգամ։ Ողջ շաբաթ սպասում են հանգստյան օրվան, երբ Տաթեւիկը գիշերօթիկ դպրոցից տուն կգա։