Հոկտեմբերի 12-ին՝ կիրակի լույս երկուշաբթի գիշերը Բիշքեքի քննչական մեկուսարանից երեք հանցագործ է փախել: Երեքն էլ մեղադրվում էին կրոնական ծայրահեղականության ու ահաբեկչության համար: Այս մասին հայտնում է Ղրղըզստանի կառավարությանն առընթեր՝ պատիժների կատարման պետական ծառայության կայքը:

Դատապարտյալները սպանել են մեկուսարանի երեք աշխատակիցների ու մեկին էլ ծանր վիրավորել: Պահակազորին հաջողվել է օպերատիվ կապվել ներքին գործերի մարմինների հետ՝ հայտնելով փախուստի եւ գողացված մեքենայի մակնիշի մասին:

«Ներքին գործերի մարմինների աշխատակիցների խուզարկության ընթացքում հայտնաբերվել է այն գողացված ավտոմեքենան, որով տեղաշարժվում էին հանցագործները: Ինը փախածներից հինգը ձերբակալված են, նրանցից մեկը վիրավորված է: Չորսն ազատության մեջ են »,- ասված է հաղորդագրության մեջ:

Իրավապահները որոնում են հանցագործներին: Թիվ 50 մեկուսարանը գտնվում է Չույսկայա շրջանի Նիժնի Նոորուզ գյուղում, մայրաքաղաք Բիշքեքից մի քանի կիլոմետր հեռավորության վրա:

Չորս փախածներից երկուսը ցմահ ազատազրկման էին դատապարտված, երկուսն էլ   քննչության տակ էին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Նրանց շարքերում են նաև հանրապետությունում արգելված «Ժայշուլ Մախդի» իսլամական շարժման անդամները: