Մեքսիկական Կոլիմա նահանգի ռեստորաններից մեկում երկու զինված մարդ հարձակվել է նախկին նահանգապետի վրա։ Նրա վիճակը գնահատվում է ծանր, բայց կայուն։ 

Ֆերնանդո Մորենո Պենյան ռեստորանում էր Կոլիմայի համալսարանի նախկին դեկանի հետ, երբ երկու զինված մարդ մտել են սրահ եւ կրակ են բացել։ Նախկին նահանգապետը վեց վնասվածք է ստացել, որոնցից չորսը՝ վզի հատվածում։ 

Հարձակվողները կարողացել են փախչել, հարձակման դրդապատճառներն առայժմ անհայտ են, տեղեկացնում է BBC-ի Ռուսական ծառայությունը։

52-ամյա քաղաքական գործիչը 1997-2003-ին ղեկավարել է Կոլիմայի նահանգը։ Կոլիմայի նավահանգստում գործում է կոնտեյներային խոշորագույն՝ Մանսանիլյո տերմինալը, որն այդ շրջանը գրավիչ է դարձնում թմրանյութի առեւտրականների համար։ 

Նահանգապետի պաշտոնում Պենյային հաջորդած Գուստավո Վասկեսը զոհվել էր ավիավթարից, իսկ նրան փոխարինած Հիսուս Կավազոսը սպանվել էր հինգ տարի առաջ։ 

2007 թվից ի վեր Մեքսիկայում ավելի քան հարյուր հազար մարդ է զոհվել թմրանյութի առեւտրականների պատերազմների եւ անվտանգության ուժերի հետ նրանց բախումների հետեւանքով։