Սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող ճակատների աշխատելաոճը ցույց է տալիս, որ նրանց ներկայացուցիչներից շատերն արդեն այլ ուժերի են ծառայում: Լրագրողների հետ զրույցում այսօր` հոկտեմբերի 14-ին, նման կարծիք է հայտնել ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը։
«Հանրաքվեին 1,5 ամիս է մնացել։ «Չեք անցկացնի» և «Նոր Հայաստան» անդամները դեռ մտածում են համագործակցության մասին, մինչդեռ պետք է հանդիպել և բանակցությունների արդյունքում կարողանալ հասնել իրենց նպատակին: Պարզ է, որ միասին աշխատելու մշակույթ չունեն, ասում են` պետք չի իրար քննադատել, որ իմ կարծիքով օրիորդաց գիմնազիայի մոտեցում է»,- ասաց Պարույր Հայրիկյանը:
ԱԻՄ առաջնորդը նշեց, որ եթե «ՈՉ »–ի ճակատը սահմանադրական փափոխությունների դեմ շարունակի նման ձևով պայքարել, ոչնչի էլ չի հասնի, և իշխանությունը Հայաստանում կկարողանա իրականացնել սահմանադրական փոփոխությունների նախագիծը:
Հիշեցնենք, որ սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի կդրվեն 2015թ. դեկտեմբերի 6–ին։ Դրանցով նախատեսվում է անցում կատարել կառավարման խորհրդարանական համակարգի:





























