Արցախի տեխնոլոգիական զարգացումն անհրաժեշտություն է, որի կիրառումը չափազանց կարեւոր նշանակություն ունի մեր հանրապետության պաշտպանության բնագավառում: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 14-ին, Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի 8-րդ «Արմթեք-Կոնգրես-2015» համաժողովի՝ Ստեփանակերտում տեղի ունեցած հատուկ նիստի ժամանակ իր ելույթում նշել է ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը:
Նա իր խոսքում, մասնավորապես, նշել է.
«Համաժողովի հարգելի՛ մասնակիցներ եւ հյուրեր,
Սիրով ողջունում եմ բոլորիդ եւ շնորհակալություն հայտնում Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի գործարար համաժողովի կազմակերպիչներին՝ մեր հրավերն ընդունելու եւ 8-րդ՝ «ԱրմԹեք-Կոնգրես-2015» համաժողովի հատուկ նիստն Արցախում անցկացնելու համար: Համոզված եմ, որ այն կհանդիսանա լավագույն հարթակ գործարար շփումների համար եւ տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչներին հնարավորություն կտա ծանոթանալու Արցախի տեխնոլոգիական զարգացման ներուժային հնարավորություններին, ինչպես նաեւ՝ քննարկելու, որոնելու եւ ծրագրելու դրանց իրացման արդյունավետ ուղիները:
Մենք կարեւորում ենք բարձր եւ տեղեկատվական տեխնոլոգիաների դերը՝ որպես տնտեսության առաջընթացի ու բնակչության կենսապայմանների բարելավման հիմնական գործոն: Դրանք այսօր պահանջված են ամենուր՝ գիտության, կենցաղի, պետական կառավարման, գործարարության, երկրի անվտանգության ապահովման մեջ, որպեսզի իրենց յուրահատուկ մեթոդներով նպաստեն տարաբնույթ խնդիրների արդյունավետ լուծմանը:
Տարբեր առիթներով նշել ենք Արցախի տեխնոլոգիական զարգացման անհրաժեշտության մասին՝ պայմանավորելով այն զարգացման այնպիսի ձեւի ընտրությամբ, որում համակողմանիորեն հաշվի են առնված առկա իրողությունները, մասնավորապես՝ ազգաբնակչության գիտակրթական ներուժի համեմատական բարձր մակարդակը եւ բնական գիտությունների հանդեպ նրա հակվածությունը, ինչպես նաեւ՝ տարածքային, բնական պաշարների եւ տրանսպորտային ուղիների սահմանափակումները:
Հաշվի առնելով աշխարհաքաղաքական ներկա զարգացումների ընթացքը, Արցախի յուրահատուկ իրավիճակը եւ մեր շուրջը տեղի ունեցող մտահոգիչ իրադարձությունները՝ կուզենայի ընդգծել հայրենական տեխնոլոգիաների զարգացման եւ դրանց կիրառման չափազանց կարեւոր նշանակությունը մեր հանրապետության պաշտպանության բնագավառում: Այդ տեսակետից բացարձակ առավելության ձեռք բերումը մեր արդիական խնդիրներից մեկն է հանդիսանում»:





























