Սանկտ Պետերբուրգի Պոլիտեխնիկական համալսարանի գիտնականները ստեղծել են ալյումինից դետալների 3D տպագրության նորարարական մեթոդաբանություն, որը հիմնված է պինդ վիճակում թվային եռաչափ մոդելի հիման վրա շերտ առ շերտ ֆիզիկական օբյեկտ ստեղծող արտադրության վրա, այսինքն՝ առանց նյութը հալեցնելու։ Նոր տեխնոլոգիայի օգնությամբ հնարավոր է արագ արտադրել և վերականգնել ավիատիեզերական, նավաշինական և մեքենաշինական ճյուղերի համար նախատեսված բաղադրիչներ։

Ավելի վաղ ալյումինե դետալների պինդ վիճակում եռաչափ արտադրության տեխնոլոգիային տիրապետում էին Չինաստանն ու ԱՄՆ-ը։ Այժմ այդ ցանկին միացել է նաև Ռուսաստանը. Սանկտ Պետերբուրգի Պոլիտեխնիկական համալսարանի մասնագետների շնորհիվ երկիրը ստացել է սեփական, լիովին ինքնավար տեխնոլոգիա, որը կարևոր է արդյունաբերության ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտների համար։

Դետալների արտադրության դասական մոտեցումները ենթադրում են մետաղական թերթերի կտրում և դրանց հաջորդող բարդ հավաքում, հաղորդում է Техкульт-ը։ Բացի դրանից, նյութի հալեցմամբ ալյումինե տարրերի եռակցումն անխուսափելիորեն վատթարացնում է դրանց ամրության ցուցանիշները։

Նոր մեթոդաբանության մեջ գիտնականները հրաժարվել են լազերի կամ էլեկտրոնային ճառագայթի կիրառությունից։ Դրա փոխարեն նրանք օգտագործել են հատուկ գործիք, որը շփման հաշվին փոխազդում է պատրաստուքի հետ։ Այդ ընթացքում առաջացող ջերմությունը մետաղը հասցնում է պլաստիկ վիճակի, սակայն թույլ չի տալիս, որ այն հալվի։

Այնուհետև նյութը շերտ առ շերտ դրվում է պատրաստուքի վրա, և արդյունքում ստացվում է մանրահատիկ կառուցվածքով դետալ, որի ամրությունն ավելի բարձր է, քան ձուլմամբ կամ կռմամբ ստացված արտադրանքինը։ Ընդ որում, մեթոդի արտադրողականությունը 50 %-ով գերազանցում է WAAM տեխնոլոգիային։