Հայաստանը կարեւորում է Հայաստան-Վրաստան եւ Հայաստան-Իրան օդային էլեկտրահաղորդման գծերի շինարարությունը: Այս մասին հոկտեմբերի 15-ին հայ- իրանական գործարար համաժողովում նշել է ՀՀ էներգետիկայի ու բնական ռեսուրսների նախարար Երվանդ Զախարյանը:

Նրա խոսքով, էներգետիկայի ոլորտը տարիներ շարունակ եղել է հայ- իրանական տնտեսական համագործակցության կարեւորագույն ուղղություններից մեկը: Այսօր Հայաստանի ընդհանուր էներգետիկ հզորությունը, ըստ նախարարի, մոտավորապես 3200 ՄՎՏ է կազմում, որից միայն 2670 ՄՎտ-ն է հասանելի:

«Միջազգային ֆինանսական կազմակերպությունների ՝ Համաշխարհային բանկի, Ասիական զարգացման բանկի աջակցությամբ, իրականացվում են ենթակայանների ու էլեկտրամատակարարման գծերի արդիականացման ու նոր ենթակառուցվածքների կառուցման աշխատանքներ»,-նշեց Զախարյանը: Ըստ նախարարի ՝ հաշվի առնելով 2013-2014 թթ. էներգահամակարգում կիրառվող տեխնոլոգիաների զարգացումները, տարածաշրջանային ինտեգրման խորացման ու ընդլայնման միտումները, նաեւ Իրանի, Ռուսաստանի ու այլ երկրների հետ բանակցությունների արդյունքները՝ անհրաժեշտություն է ծագում ծրագրել եւ մինչեւ 2036 թ. համատեղել Հայաստանի էներգետիկայի ոլորտի ռազմավարական նշանակություն ունեցող նախագծերը: «Այս նպատակով մշակվել է «Հայաստանի էներգետիկ համակարգի երկարաժամկետ զարգացման ուղիները» անվանումով փաստաթուղթը: Մինչեւ 2036 թ. իրականացվող ծրագրերից ամենակարեւորն է էներգետիկ շուկայի փուլային ազատականացումը՝ դրա արդյունավետությունը բարձրացնելու ու ներդրումներ խթանելու նպատակով »,-շեշտել է Երվարդ Զախարյանը: Նրա խոսքով դա բխում է ԵՏՄ-ին անդամակցելիս Հայաստանի ստանձնած՝ նաեւ ԵՄ -ի առջեւ ունեցած պարտավորություններից:

«Տարածաշրջանային տեսակետից մենք կարեւորում ենք Հայաստան- Վրաստան, ու Հայաստան-Իրան էլեկտրամատակարարման օդային գծերի շինարարությունը: Հայաստան- Վրաստան բարձրավոլտ էլեկտրագծերի կառուցումից հետո՝ 2018 թ., երբ զուգահեռ աշխատանքի հնարավորություն կստեղծվի, հնարավոր կդառնա նաեւ Հայաստանի էներգոհամակարգի ինտեգրումը ԵՏՄ երկրների էներգոհամակարգին ու Հյուսիս- Հարավ էներգետիկ միջանցքի ստեղծումը»,- շեշտել է նախարարը: Երվանդ Զախարյանը նաեւ հույս է հայտնել, որ Մեղրիի հիդրոէլեկտրակայանը 2033-203 թթ. կմիանա Հայաստանի էներգահամակարգին: