Hyatt Hotel Corp. հյուրանոցային ցանցի համարներում այլեւս հաճախորդների պահանջով պոռնոֆիլմեր չեն ցուցադրի։ Այդ որոշումը վերաբերում է ամբողջ աշխարհով մեկ ապրանքանիշի բոլոր հյուրանոցներին։ Այսինքն Hyatt-ը հետեւում է Marriott International-ի եւ Hilton Worldwide-ի օրինակին, որոնք արդեն սկսել են իրենց հյուրանոցային համարների զվարճանքի համակարգերից վերացնել պոռնոգրաֆիական բովանդակությամբ տեսանյութերը։
Hyatt-ում չեն ճշտել, թե հենց ինչ պատճառով են նման որոշում կայացրել։ Իր հերթին, որոշ փորձագետներ հայտարարում են, որ դա մասնակիորեն կապված է հյուրանոցային զվարճանքի ծառայություններից ստացվող եկամտի կայուն անկման հետ. հյուրանոցի հաճախորդները գերադասում են համացանցից ֆիլմեր, խաղեր եւ տեսանյութեր ներբեռնել իրենց նոթբուքներ եւ այլ կրելի թվային սարքեր, տեղեկացնում է «Գազետան»՝ վկայակոչելով The Los Angeles Times-ին։
PKF Hospitality Research-ի վերջերս հրապարակված հետազոտության համաձայն, ԱՄՆ-ում ֆիլմերի վարձույթից (ներառյալ մեծահասակների ֆիլմերը) հյուրանոցների տարեկան շահույթը նվազել է՝ 2000-ին ամեն համարից ստացվող 339 դոլարից 2014-ին հասնելով 107 դոլարի։




























