Հայաստանի Գերագույն խորհրդի (1990-95թթ խորհրդարանը) նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը Ռուսաստանի հայերի  միության նախագահ Արա Աբրահամյանի՝ քաղաքական դաշտ մտնելու մասին հայտարարությունը բնական է համարում:

«Նորերի համար շատ հարմար է Հայաստանի  քաղաքական ասպարեզը, քանի որ այն ամայացված է: Այնպես որ Արա Աբրահամյանի հայտը բնական է: Նա բանասիրական ֆակուլտետի համար չի հայտ ներկայացրել, այլ քաղաքականության, այդ պատճառով չենք քննի նրա լեզվական ունակությունները, ավելի լավ է սպասենք, մինչեւ իր ասած ժամանակը՝ գարունը գա»,- այսօր՝ հոկտեմբերի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ազատ Արշակյանը:

Ազատ Արշակյանի խոսքով՝ առաջիկա խորհրդարանական ընտրությունների համար նոր կազմ է ձեւավորվում, ինչին, հնարավոր է, միանան նաեւ արտերկրից եկած  այլ մարդիկ:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հայտարարել է, որ ստեղծելու է կուսակցություն եւ  մասնակցելու է  ՀՀ խորհրդարանական ընտրություններին: