Այսօր Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հարցը նոր փուլ է մտնում. Ցեղասպանության փաստի ճանաչումից գիտական հասարակությունը անցում է կատարում փոխհատուցման պահանջին։ Գիտական հիմնավորման նախապատրաստումը այսօր մեկնարկած «Հայոց ցեղասպանություն-100. ճանաչումից փոխհատուցում» թեմայով կոնֆերանսի հիմնական թեմաներից է։ Այս մասին NEWS.am –ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը։

Նրա խոսքով՝ կոնֆերանսում խմբերից մեկի աշխատանքը նվիրված է լինելու պահանջների փաթեթ ձեւավորելուն եւ Ցեղասպանության հետեւանքները վերացնելուն, ինչը հատկապես կարեւոր է ճանաչումից փոխհատուցման պահանջին անցնելու կապակցությամբ։

Կոնֆերանսին ներկա էին ոչ միայն հայ մասնագետներ, այլ նաեւ այլ երկրների գիտնականներ, որոնք ուսումնասիրում են Հայոց ցեղասպանությունը։ Յասմին Դում-Թրագութը, օրինակ, ղեկավարում է Զալցբուրգի համալսարանի հայագիտության ամբիոնը եւ արդեն մի քանի տարի զբաղվում է Հայոց պատմության ուսումնասիրությամբ։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ աշխարհում կան ցեղասպանության մասին դեռ շատ հետաքրքիր եւ չհրապարակված նյութեր, եւ ինքը հույս ունի կոնֆերանսում լսել ինչ-որ նոր բան եւ նոր բացահայտումներ տեսնել։

Միչիգանի համալսարանի հայագետ Գեւորգ Բարդակչյանը նույնպես հույս է հայտնել կոնֆերանսում ինչ-որ նոր բան լսել կամ հայտնի փաստերին նոր աչքով նայել։ Իր ելույթում նա կանդրադառնա Հիտլերի հռետորական հարցին (Ո՞վ է հիմա հիշում հայերի մասին) նոր տվյալների եւ նյութերի լույսի ներքո։

Գերմանացի պատմաբան Մայքլ Հասեմանը, որը վերջերս գիրք էր գրել Հայոց ցեղասպանության մասին, նշել է, որ կոնֆերանսը հիանալի հնարավորություն է նոր տեղեկություններ տրամադրելու համար։

Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով՝ կոնֆերանսի մասնակիցներն իրոք հնարավորություն կստանան լսել զեկույցներ, որոնք հիմնված են նոր, նախկինում անհայտ արխիվային նյութերի վրա։

«Ցեղասպանությունը շատ բարդ պատմական երեւույթ է։ Այնպես չէ, որ թուրքերը եկան եւ բոլորին սպանեցին։ Շատ հարցեր կան՝ կապված զանգվածային ջարդերի նախապատրաստման, ծրագիրն իրականացնելու մեթոդների ինչպես նաեւ այն բանի հետ, թե ինչպես էին օգտագործվում ռեսուրսները նպատակին հասնելու համար։ Շատ կարեւոր է հասկանալ, թե ինչպիսին էր այն ժամանակ դիվանագիտական միջավայրը»,- նշեց ակադեմիկոսը։

Նա կարծում է, որ հենց այդ պատճառով պատմաբաններն ու թուրքագետները դեռ շատ աշխատանք պետք է կատարեն Ցեղասպանության խորը եւ զանգվածային ուսումնասիրության համար։ Իրոք, հիմա հետազոտողները աշխատում են արդեն այլ ուղղությամբ. նրանք փորձում են հասկանալ ոչ թե այն, թե եղել է արդյոք Ցեղասպանությունը թե ոչ. այդ փուլն արդեն անցյալում է, պատմաբանները ընդունում են Ցեղասպանության փաստը։ Այսօր գիտնականները փորձում են ավելի խորը հասկանալ մարդկության դեմ այդ հանցագործության էությունը, քանի որ դա կարող է կանխել նման հանցագործությունները ապագայում։