Երեւանի Իսահակյանի եւ Մոսկովյանի փողոցներով երթեւեկությունը կարող է դառնալ միակողմանի: Նման առաջարկություն է արվել ՀՀ ոստիկանապետի հրամանով ստեղծված համապատասխան միջգերատեսչական հանձնաժողովի նիստում:  Հանձնաժողովի նպատակն է ճանապարհային երթեւեկության ոլորտում առկա խնդիրները մշտադիտարկելը, բարեփոխումների ընթացքը համակարգելը եւ հեռանկարային ծրագրեր առաջարկելը:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ Ճանապարհային ոստիկանության ծառայողների եւ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի համատեղ աշխատանքային խմբերը ուսումնասիրություններ են սկսել Երեւանի փողոցներում տրանսպորտային միջոցների հոսքերի կառավարման, խաչմերուկներում տրանսպորտային միջոցների ելակետային տվյաների ճշտման ուղղություններով (ի դեպ, վերջին անգամ գիտականորեն նման հաշվարկներ Հայաստանում կատարվել են 21 տարի առաջ):

Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Իսահակյան եւ Մոսկովյան փողոցներում, հատկապես երթեւեկության «պիկ» ժամերին, հաճախակի են տեղի ունենում տրանսպորտային միջոցների խցանումներ, երթեւեկությունը դանդաղում է:

Խցանումներից խուսափելու համար հանձնաժողովի քննարկմանն են ներկայացվել նշված փողոցներում երթեւեկության կազմակերպման փոփոխություններ կատարել վերաբերյալ նախագծեր:

Մասնավորապես՝ առաջարկվում է ամբողջ Իսահակյան փողոցում (Նալբանդյան փողոցից մինչեւ Բաղրամյան պողոտա) եւ Մոսկովյան փողոցի Նալբանդյան փողոց-Մաշտոցի պողոտա հատվածում երթեւեկությունը դարձնել միակողմանի՝ Իսահակյան փողոցում՝ Նալբանդյան փողոցից դեպի Բաղրամյան փողոցի ուղղությամբ, իսկ Մոսկովյան փողոցում՝ Մաշտոցի պողոտայից դեպի Նալբանդյան փողոցի ուղղությամբ: