Հայաստանի քաղաքացիները «Ոչ» կասեն սահմանադրական փոփոխություններին: Այս մասին, այսօր՝հոկտեմբերի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ազատ Արշակյանը:

«Դեկտեմբերի 6-ին սպասում եմ ջախջախիչ հաղթանակի, հայ ժողովուրդը կասի՝ «Ոչ»: Հասարակ տրամաբանություն է՝ իշխանության բոլոր նախաձեռնություններին ժողովուրդը «Ոչ» է ասելու»,- նշեց Ազատ Արշակյանը:

Նրա խոսքով՝ սահմանադրական փոփոխությունները պարզապես կարգավորման նոր մեխանիզմ են առաջարկում իշխանական մակարդակում եւ դրանցում ոչ մի խոսք չկա իշխանության եւ քաղաքացիների հարաբերությունների մասին: «Նրա մասին է, թե կարկանդակն ինչպես է բաժանվելու: Իսկ հայ ժողովուրդը զրկված է իշխանության գործերին միջամտելու իրավունքից»,-ընդգծեց Արշակյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի Ազգային ժողովը հոկտեմբերի 5-ին ձայների մեծամասնությամբ հաստատել է սահմանադրական փոփոխությունների նախագիծը ու համաձայնել, որ պետության ղեկավարը դրանք հանրաքվեի դնի: Հանրաքվեն կայանալու է դեկտեմբերի 6-ին: