Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարին Ռուսաստանի մասնակցությունը միաբեւեռ աշխարհի դագաղին գամված վերջին մեխն է: Այս մասին հոկտեմբերի 15-ի մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց Նորագույն պետությունների միջազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Մարտինովը:
Նրա խոսքով, ԱՄՆ-ն այլեւս համաշխարհային գործընթացների գլխավոր կարգավորիչը չէ, ու այսօր այս փաստն ընդունում են բոլորը:
«Արեւմուտքում արդեն բարձրաձայն խոսում են այն մասին, որ համաշխարհային գործընթացների ՝ նկատի ունեմ խաղաղ գործընթացների գլխավոր շարժիչ ուժն է դառնում Ռուսաստանը: Մոսկվան այլընտրանքային հայացք է առաջարկում համաշխարհային կառուցվածքի վերաբերյալ»,- ասել է Մարտինովը ՝ նկատելով, որ սիրիական հարցի շուրջ Մոսկվայի ու Վաշինգթոնի ռազմական համագործակցությունը վերականգնվել է:
«Այլ հարց է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը սկզբունքայնորեն տարբեր տեսակետներ ունեն սիրիական կամ ուկրաինական ճգնաժամերի լուծման վերաբերյալ: Ռուսաստանը խոսում է արդարության, իսկ ԱՄՆ-ը՝ նպատակահարմարության մասին: Ընդ որում՝ Սպիտակ տան տեսակետից նպատակահարմարության: Ի դեպ, «ինչ լավ է ԱՄՆ-ի համար, լավ է ամբողջ աշխարհի համար» թեզը ՄԱԿ-ի տրիբունայից մերժել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՉԺՀ նախագահը: Այսպիսով, մենք տեսանք, որ աշխարհի ամենաբարձր հարթակից ամենաբարձր մակարդակով բանավեճ սկսվեց այն մասին,թե աշխարհն ինչպիսին պետք է լինի ապագայում: Եվ այս բանավեճում մենք երեք ձայն լսեցինք: Բայց իրականում այդ ձայների քանակը ավելին է: Կա նաեւ Հնդկաստանը, որը բավականին ինքնուրույն դերակատար է, Բրազիլիան եւ այլն»,-շեշտեց ռուսաստանցի փորձագետը:





























