Հայաստանը, որպես ՀԱՊԿ նախագահող երկիր, պատրաստ է ակտիվորեն օժանդակել ՀԱՊԿ խնդիրների ու նպատակների իրագործմանը, այդ թվում՝ թմրամիջոցների անօրինական շրջանառությանը հակազդման գործում: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 15-ին, ՀԱՊԿ անդամ պետությունների թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման գծով իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի նախագահ, ՌԴ թմրամիջոցների շրջանառության վերահսկողության դաշնային ծառայության տնօրեն Վիկտոր Իվանովի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Իվնովը  ՀԱՊԿ անդամ երկրների գործընկերների եւ Կազմակերպության քարտուղարության ներկայացուցիչների հետ Հայաստանում է գտնվում համակարգող խորհրդի 17-րդ նիստին մասնակցելու նպատակով:

Նախագահը ողջունել է հյուրին եւ հույս հայտնել, որ համակարգող խորհրդի նիստն արդյունավետ ընթացք է ունեցել՝ մասնակիցները կառուցողական մթնոլորտում կարողացել են քննարկել ՀԱՊԿ անդամ երկրների համապատասխան գերատեսչությունների կողմից մինչ այժմ իրականացված համատեղ աշխատանքներն ու քննարկվող ոլորտում համագործակցության, գործողությունների համակարգման մեխանիզմների կատարելագործման հնարավորությունները:

Ընդգծելով, որ ՀԱՊԿ գործունեության հիմնական ուղղություններից մեկն էլ անդամ պետությունների ջանքերի համակարգումն է ժամանակակից մարտահրավերների եւ սպառնալիքների դեմ պայքարում, նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը, որպես Կազմակերպությունում նախագահող երկիր, պատրաստ է ակտիվորեն օժանդակել ՀԱՊԿ խնդիրների ու նպատակների իրագործմանը, այդ թվում՝ թմրամիջոցների անօրինական շրջանառությանը հակազդման գործում:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ թմրամիջոցների տարածման վտանգն աշխարհում օր-օրի ավելի ու ավելի մտահոգիչ է դառնում, եւ համամարդկային այդ չարիքի ու վտանգավոր հանցավորության դեմ պայքարը պահանջում է ջանքերի համադրում: ՀՀ Նախագահը եւ ՌԴ թմրամիջոցների շրջանառության վերահսկողության դաշնային ծառայության տնօրենը կարեւորել են նաեւ երկկողմ ձեւաչափով փոխգործակցությունը՝ նկատի առնելով, որ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ընդգրկուն օրակարգում իր ուրույն տեղն ունի երկու երկրների իրավապահ մարմինների միջեւ համագործակցությունը: