«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում արդեն չորրորդ օրը հացադուլ անող ցմահ դատապարտյալների հարազատներն այսօր՝ հոկտեմբերի 15-ին, Կառավարության դիմաց բողոքի ակցիա անցկացնելուց հետո երթով շարժվել են նախագահի նստավայր՝ իրենց հարազատների քրեական գործերը վերանայելու պահանջով նամակ հանձնելու նախագահ Սերժ Սարգսյանին:
NEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ նախագահականից ընդունել է ցմահ դատապարտյալների հարազատների բողոք-դիմումը՝ խոստանալով երկշաբաթյա ժամկետում պատասխանել նամակում արծարծված խնդիրներին:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում արդեն չորրորդ օրն անժամկետ հացադուլ անող 50 ցմահ դատապարտյալների հարազատներն այսօր՝ հոկտեմբերի 15-ին, Կառավարության առջեւ պահանջում են վերանայել իրենց հարազատների քրեական գործերը՝ սպառնալով հացադուլ եւ նստացույց սկսել: Ցմահ դատապարտյալների հարազատները ակնկալում էին հանդիպել Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, հանդիպումը սակայն, այդպես էլ տեղի չունեցավ:
Նշենք, որ հացադուլի առաջին օրը ցմահ դատապարտյալների թիվը 45 էր: Ցմահ դատապարտյալները անժամկետ հացադուլով պահանջում են վերանայել իրենց քրեական գործերը: Նույն պահանջով ցմահ դատապարտյալները բաց նամակ էն ուղղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին եւ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին:





























