Թեեւ դեկտեմբերի 6-ին կայանալիք Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը մեկնարկել է դեռ հոկտեմբերի 10-ից, քաղաքական ուժերի մեծ մասը դեռ չունի աշխատանքային գրաֆիկ, հանրաքվեի շտաբի պետ եւ քարոզչական հիմնադրամ:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ ՀՀ Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը դեռեւս չի ստացել հանրաքվեի քարոզչության ֆինանսավորման հիմնադրամների բացման մասին տեղեկատվություն:

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ իրենք այս հարցը քննարկելու են առաջիկա օրերին. «Մենք ունենք 150 մշտապես գործող գրասենյակներ, որոնք արդեն իրազեկված են: Առաջիկա օրերին մենք կհավաքվենք, բոլոր հարցերը կքննարկենք եւ տեղյակ կպահենք հասարակությանն այդ մասին»:

«Այո»-ի քարոզարշավը չի սկսել նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ իրենք քարոզարշավի հետ կապված բոլոր հարցերը քննարկելու են առաջիկայում կայանալիք քաղաքական խորհրդում:

ՀՅԴ-ի՝ օրենքով նախատեսված քարոզարշավը նույնպես չի մեկնարկել:

«Ընտրական օրենսգրքով եւ Հանրաքվեի մասին օրենքով նախատեսված քարոզարշավը դեռ չենք սկսել, առաջիկայում կստեղծենք շտաբ: Իսկ այս օրերին մեր քարոզչությունն իրականացնում ենք հեռուստատեսությամբ կամ մամուլի ասուլիսների ժամանակ, երբ մեզ հրավիրում են»,- ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Ինչ վերաբերում է «Ոչ»-ի ճակատին, այստեղ հանդես եկող «Չեք անցկացնի» նախաձեռնությունը վճարովի եթերից չի օգտվելու, սակայն հանրահավաքների, ակցիաների, գրքույկների համար ֆինանսական միջոցներ են հարկավոր, ինչի համար էլ հաշվեհամար են բացել: Նախաձեռնության անդամ Հրայր Մանուկյանը նշեց, որ այս պահին չի կարող ասել, թե ինչքան գումար է հավաքվել:

«Մենք պարբերաբար իրազեկում ենք քաղաքացիներին բացված հաշվեհամարի մասին, որ կարող են գումար փոխանցել»,- ասաց Հրայր Մանուկյանը:

Քարոզչության հիմնադրամի, շտաբի եւ աշխատանքային գրաֆիկի վերաբերյալ որոշում չի կայացրել նաեւ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը, որի խորհրդի անդամներն են Րաֆֆի Հովհաննիսյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Հմայակ Հովհաննիսյանը, Անդրիաս Ղուկասյանը, Պետրոս Մակեյանը, Գարեգին Չուքասզչյանը, Արմեն Մարտիրոսյանը:

«Առաջիկայում բոլոր հարցերի պատասխանը կտանք»,- ասաց «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանը:

Նշենք, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը կավարտվի դեկտեմբերի 4-ին:

Հանրաքվեի մասին օրենքի 5-րդ գլխի 21-րդ հոդվածը սահմանում է քարոզչության ֆինանսավորման հիմնադրամների կարգը:

Ըստ այդ հոդվածի՝ քարոզչություն կատարելու իրավունք ունեցող անձինք կարող են ստեղծել քարոզչության հիմնադրամ՝ քարոզչությունը ֆինանսավորելու նպատակով: Հիմնադրամի միջոցները հավաքվում են քարոզչության իրավունք ունեցող անձի տված գրավոր դիմումի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում բացված հատուկ հաշվում: Հիմնադրամը ստեղծվում է անձնական միջոցներից, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կամավոր մուծումներից: Հիմնադրամի հաշվում կատարված մուծումների ընդհանուր գումարը չպետք է գերազանցի Հայաստանի Հանրապետությունում հաշվարկային հիմք հանդիսացող նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը, այսինքն մինչեւ 100 մլն դրամ: