Երևանում հոկտեմբերի 17-ին Սպորտային փառատոն կանցկացվի, որի մեկնարկը կտրվի 500 հեծանվորդների մասնակցությամբ հեծանվային մարաթոնով: Մարաթոնը կանցկացվի «Եղիր ԱԿՏԻՎ, ապրիր ԱՌՈՂՋ» ծրագրի շրջանակում:

Ծրագրից NEWS.am-ին հայտնեցին, որ հեծանվորդները, որոնք նախապես գրանցվել են առցանց համակարգով, առավոտյան ժամը 10:00-ին կմեկնարկեն  հեծանվային մարաթոնը Հրազդան մարզահամալիրի հարակից տարածքից եւ կավարտեն այն նույն վայրում:

Մարաթոնի մասնակիցները կշարժվեն Իսակովի պողոտա - Սեբաստիայի փողոցի և Իսակովի պողոտայի ուղեհանգույց - Բագրատունյաց փողոցով դեպի Գ. Նժդեհի հրապարակ երթուղով: Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ դեռ պարզ չէ՝ փողոցները կփակվեն մարաթոնի ժամանակ, թե հնարավոր կլինի առանց դրանք փակելու, ոստիկանության հսկողությամբ  անցկացնել մարաթոնը: Փողոցների փակ լինելու դեպքում ոստիկանությունը հայտարարություն կտարածի:

Ժամը 13:00-ին Ազատության հրապարակում կսկսվի Սպորտային փառատոնը: Ժամը 14:00 կկայանա բացօթյա ֆիթնես, այնուհետև տեղի կունենան վոլեյբոլի և ուսանողական սթրիթբոլի մրցումների եզրափակիչ փուլ անցած թիմերի խաղերը՝  հաղթական գավաթների համար:

 Միջոցառմանը ցուցադրական շոու կներկյացնեն նաեւ Street Workout-ի հայաստանյան ֆեդերացիան և Հայաստանի պարկուրի և ֆրիրանինգի ֆեդերացիան: Օրվա հատուկ հյուրերն են Պավել Ռոմանովը, Տիմուր Կալիմուլինը և Ռուսաստանի կրկնակի չեմպիոն Մաքսիմ Չուպրինան, որոնք  կցուցադրեն BMX շոու: