Հարություն Չալիկյանը մարդկանց մեջ տեսնում է ճշմարտությունը: Մատիտի ծայրով որսում է ու փոխանցում թղթին: Նրա ծաղրանկարները,  ինչպես նաեւ մտքերը, համառոտ  ու հեգնական ձեւի մեջ են ներկայանում: 

Նա նման չէ մտացածին աշխարհում ապրող  մտացրիվ նկարչի լայնորեն ընդունված կերպարին: Ճիշտ հակառակը, նրա աշխարհն իրական է եւ կազմակերպված:  

Իսկ աշխատանքային սեղանին անկանոն թափթփված թղթերը, էսքիզները, մատիտները բոլորովին էլ խառնափնթորության նշան չեն, այլ օտարներին անհասկանալի կանոնավորված համակարգ, ինչպես, իմիջիայլոց, բնության մեջ ցանկացած համակարգ, որը քաոսի է ձգտում…  

Վերջին անգամ ո՞ւմ եք նկարել:

Փարաջանովին՝ երեկ: Ահա… հավանո՞ւմ եք:

Այո, նկարում բնավորություն է երեւում: Իսկ ինչո՞ւ հենց նրան:

Երեկ հանկարծ հասկացա, որ մինչեւ հիմա նրան չէի նկարել, որոշեցի սխալս ուղղել: 

Իմիջիայլոց, ինչի՞ց  եք սկսում նկարելը:

Աչքերից: Եթե աչքերը լավ չեն ստացվում, չեմ շարունակում:  Աչքերը հույզեր ու նույնիսկ մտադրություններ փոխանցող ամենախոսուն օրգանն են:  

Կա՞ն դեմքեր, որոնք նկարելը դժվար է:

Այո: Որոշ մարդկանց դեմքն այնքան համաչափ է, որ չգիտես՝ ինչպես պատկերես. Օրինակ՝ ձեզ բավականին դժվար է նկարել, սրելու տեղ չկա: Հապա ժպտացեք… ահա,  ժպիտով կնկարեմ:

…Ծաղրանկա՞ր:

Վստա՞հ եք, որ ուզում եք ծաղրանկար:

Ինչո՞ւ ոչ:

Կանայք չեն սիրում, երբ իրենց քննադատում են, առավել եւս՝ ծաղրում: Հոգու խորքում դա խոցում է նրանց: Սակայն նրանք տղամարդկանցից ավելի ակտիվորեն են արձագանքում իմ արվեստին:

Այդ ի՞նչ եք պատկերում, որն այդքան վախեցնում է նրանց:

Այն, ինչ նրանք չեն ուզում տեսնել իրենց մեջ: Իմ կյանքում մի դեպք է եղել:  Ինձ մոտ եկավ նշանված մի զույգ եւ խնդրեց իրենց ծաղրանկարն անել: Հետո իմացա, որ իմ արվեստանոցից  դուրս գալով՝ բաժանվել  են: Ինչպես տեսնում եք, իմ աշխատանքն այնքան անվնաս չէ, որքան կարող է թվալ: 

Հիշո՞ւմ եք, թե աղջկան ինչպիսին էիք պատկերել: 

Հիշում եմ: Նկարել էի մեծ դնչով: Գիտեք, դունչը կարող է մեծ չլինել, բայց աճելու միտում ունենալ: Ինչպես եւ քիթը: Ես ուղղակի նայում եմ մարդուն եւ տեսնում եմ դա:

Ուրիշ ի՞նչ հետաքրքրաշարժ դեպքեր են տեղի ունեցել ձեր կյանքում:

Բաթումիում մի աղջկա ծաղրանկարն էի արել: Ընկերուհու հետ էր: Ասացի՝ նստիր, նկարեմ քեզ: Իսկ նա լուրջ տեսքով ինձ պատասխանում է. «Ես արդեն ունեմ ծաղրանկար: Երեւանում ինձ ինքը՝ Չալիկյանն է նկարել»:

«Ինքը՝ Չալիկյանն է նկարել» որ ասացիք… ձեր ֆեյսբուքյան էջի  դիմանկարը ինքնանկա՞ր է:

Այո:

Նկարում խիստ տեսք ունեք: Եթե ես ձեզ նկարեի, ժպիտից կսկսեի… 

Ես ինձ նկարել եմ՝ նայելով հայելում իմ արտացոլմանը:  Իսկ երբ մարդ նստում է հայելու դիմաց, առանց իրեն հաշիվ տալու, ավելի հավաքված ու լուրջ է դառնում: 

Ձեր ընտանիքի անդամների ծաղրանկարներն արե՞լ եք: 

Փորձել եմ: Վատ է ստացվում: Չգիտեմ, թե ինչի հետ է կապված:  

Հարազատներից չխոսենք: Իսկ քաղաքականությունի՞ց:  Ո՞ւմ ծաղրանկարը հաջող չի ստացվել: 

Սաակաշվիլիի: Նա իր մասին ոչինչ չգիտի կամ չի հասկանում: Եվ թվում է՝ տառապում է անձի երկվությունից: Մեդվեդեւինն էլ չէր ստացվում: Մի քանի անգամ փորձեցի, բան դուրս չեկավ:

Ինքներդ ձեզ ինչպե՞ս եք բացատրել դա:

Մարդը նախ եւ առաջ անհատականություն պիտի լինի: Այդ դեպքում դա միանգամից կարտացոլվի նրա դեմքին եւ արագ կփոխանցվի թղթին: 

Դուք հայ շատ գործիչների եք նկարել: Նրանք ձեզնից չե՞ն վիրավորվել:  

Լավ կլիներ՝ վիրավորվեին, քան նման անտարբերություն դրսեւորեին:   Ամեն դեպքում մեր ուղիները երբեք չեն հատվել:  

Այդ անտեսումը ի՞նչ կարող է նշանակել:

Հնարավոր է, որ դա պայքարի մի տեսակ է. դիտավորյալ ուշադրություն չդարձնել, որ ավելի չոգեւորեն նկարչին: 

Ձեզ մոտ քանդակներ եմ տեսնում… վաղո՞ւց եք քանդակում: 

Արդեն երեք տարի: Երբ մեր վարպետ Հակոբ Հակոբյանը տեսավ աշխատանքներս, ինձ խորհուրդ տվեց քանդակով զբաղվել: Ես փորձեցի ու հասկացա, որ նաեւ քանդակագործ եմ ծնվել:  

Ծաղրանկարիչների ընկերակցությունը վերջերս ձեզ «Ալմաստե ասպետ» մրցանակի է արժանացրել: Մեր շրջապատում ասպետներ կա՞ն:

Անկասկած: Բայց մեր հասարակությունում նրանք տեղ չունեն, ուրիշ կողմն է գերակշռում: Եթե խորհրդարանում ասպետներ նստած լինեին, վերադասների գործերն այդքան հաջող չէին գնա:    

Սովորաբար այդ հարցը զրույցի սկզբում են տալիս, իսկ ես վերջում կհարցնեմ. դուք երբվանի՞ց եք տարված ծաղրանկարով: 

Դպրոցից: Մի անգամ մայրս համբերությունը կորցնելով խփեց քթիս ու դուրս եկավ սենյակից: Թեեւ հարվածն ուժեղ չէր, բայց քթիցս արյուն եկավ:  Այն ժամանակ մեր տան հատակը սպիտակ էր, չներկված: Հետո մայրս որոշեց նայել, թե ինչ եմ անում:  «Տեսա, թե ինչպես են արյան կաթիլները ընկնում սպիտակ հատակին, իսկ դու ցուցամատով Լենինին ես նկարում», - պատմում էր նա: Դե Լենինին պետք է արյունով նկարել, որ հաջող ստացվի:  Մորս  ասելով, ինքն այդ պահին հասկացավ, որ կամ նկարիչ կդառնամ, կամ՝ քաղաքական գործիչ: Ինչպես տեսնում եք, չի սխալվել:

Եվ վերջին հարցը: Ինչպե՞ս կկոչեք այն մարդուն, որը հումորի զգացում չունի: 

Նա, ով կատակ չի հասկանում, իմ կարծիքով կես-մարդ է: Միթե հնարավոր է հումորի զգացում չունենալ ու նորմալ մարդ լինել:   

Զրուցեց Անի Աֆյանը