Հակառակորդի կողմից 2015թ. սեպտեմբերի 25-ին վիրավորված զինծառայող Կարեն Վարդանյանը դեռ Լեռնային Ղարաբաղի զինվորական հոսպիտալում է գտնվում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 17-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ծովակի գյուղապետ Գարիկ Հակոբյանը՝ նշելով, որ  Կարեն Վարդանյանը դեռ ամբողջովին չի ապաքինվել, ստացած վնասվածքներից մեկի վերքը դեռ չի փակվել ամբողջությամբ:

«Կարենի մայրը՝ Նարինե Վարդանյանը  երեկ է վերադարձել Արցախից, կարեւորն այն է, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում: Նրան ասել են, որ հիվանդանոցից հետո 10 օր արձակուրդ կտրամադրեն, որից հետո կշարունակի ծառայությունը։ Մենք անհամբերությամբ սպասում ենք, որ Կարենը գյուղ գա»,-ասաց Գարիկ Հակոբյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 25-ին ժամը 17:30-ի սահմանում, ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման էր ենթարկվել ՊԲ-ի հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, ինչի հետեւանքով մահացու վիրավորվել էին ՊԲ զինծառայողներ Նորայր Միքայելի Խաչատրյանը (ծնված 1995թ.), Ռոբերտ Սուրենի Մկրտչյանը (ծնված 1995թ.), Հարութ Մաքսիմի Հակոբյանը (ծնված 1997թ.)  եւ Կարեն Գեւորգի Շահինյանը  (ծնված 1997թ.): Մարտակերտի եւ Երեւանի հոսպիտալներում գտնվում է 16 վիրավոր: