ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշն ու Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերն Իրաք ներխուժումից դեռեւս մեկ տարի առաջ պայմանավորվել են այդ երկրի նախագահ Սադամ Հուսեյնի դեմ ռազմական գործողությունների իրականացման մասին:

Daily Mail-ը, մեջբերելով 2001-2005 թվականներին ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելի գաղտնի նամակագրությունը, գրել է, որ այդ ընթացքում Բլերը շարունակել է հրապարակայնորեն խոսել դիվանագիտության մասին եւ մերժել ռազմական միջամտությունը: Պարբերականի հրապարակած «հուշագիր նախագահի համար» անվանումով փաստաթուղթն ավելի քան 10 տարի գաղտնի է եղել, սակայն 2014 թվականին գաղտնազերծվել է պետքարտուղարության կողմից:

Նամակագրությունում նշվում է, որ Բլերը մտադիր է եղել համաձայնել ԱՄՆ նախագահի հետ գործել՝ հասարակությանը համոզելու, որ Հուսեյնը, իբր, զանգվածային ոչնչացման զենք ունի: Սակայն, ըստ պարբերականի, պարզվեց, որ Իրաքի նախագահն այդպիսի զենք չուներ: