Airbus ընկերությունը «Կոնկորդ 2» օդանավի արտոնագիր է ստացել: Այս մասին հաղորդում է Fox News հեռուստաալիքը:

«Կոնկորդ 2»-ն ունակ կլինի թռչել ձայնը 4.5 անգամ գերազանցող արագությամբ: Դա նախորդից 3 անգամ ավելի արագ է: Ուղեւորատար օդանավը կարող է Լոնդոնից Նյու Յորք թռչել մեկ ժամում: Ինքնաթիռը երեք տարբեր շարժիչներ կունենա՝ օդառեակտիվային, տուրբոռեակտիվային եւ հրթիռային:

Նոր օդանավը թռչելու է հատուկ առանձնացված օդային միջանցքով, 30.5 կմ բարձրությամբ: Արագորեն բարձրություն հավաքելու համար այն մեկնարկելու է ուղղահայաց՝ հրթիռի նման:

Արտոնագրի համաձայն, «Կոնկորդ 2»-ը նախատեսված է լինելու ռազմական նպատակների համար եւ առայժմ հայտնի չէ, այն կոմերցիոն թռիչքներ կիրականացնի, թե՞ ոչ: Օդանավի սրահում 19 ուղեւոր կտեղավորվի: