Բաքվում ներկայացուցչություն ունեցող միջազգային մարդասիրական կազմակերպությունները պետք է պարզեն տարօրինակ հանգամանքներում Ադրբեջանում հայտնված Վահան Մարտիրոսյանի տարօրինակ «շատախոսության» պատճառները:

Ադրբեջանական հակահայ քարոզչության խոսափողը դարձած Վահան Մարտիրոսյանը շաբաթական գրեթե մեկ անգամ հարցազրույց է տալիս, որպես կանոն՝ կառավարամետ АNSpress հեռուստաալիքին, Հայաստանին զրպարտող տարատեսակ մտքեր հնչեցնելով:

Հատուկ ոգեւորությամբ Մարտիրոսյանը խոսում է բանակում կոռուպցիայի առկայության մասին, որտեղ ծառայության շուրջ շատ աղոտ պատկերացում ունի:

Նրա տարածած հիմարությունները ներկայացնելու կարիք չկա, սակայն յուրաքանչյուր «հարցազրույցում» ավելի հստակ են երեւում ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից համապատասխան «մշակման» հետքերը: Կարծում ենք՝ միջազգային մարդասիրական կազմակերպությունները, եւ առաջին հերթին ՄԱԿ-ը, պետք է անհապաղ պարզեն, թե ֆիզիկական եւ հոգեկան ինչ վիճակում է Վահան Մարտիրոսյանը:

Հարցազրույցներից մեկում պատասխանելով հարցին, արդյո՞ք միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները հանդիպել են նրա հետ, Մարտիրոսյանն ասել է, որ իր հետ բազմիցս են հանդիպել:

«Ցավոք, ինձ մոտ տպավորություն ստեղծվեց, որ Ադրբեջանում գործող միջազգային կազմակերպություններին չեն հետաքրքրում խաղաղարար նախաձեռնությունները: Միակ բանը, որ նրանց հետաքրքրում էր իմ մասին, այն էր, արդյո՞ք ես ճնշման են ենթարկվում: Միակ անհարմարությունը, որ ես Բաքվում զգացել եմ, այն է, որ ինձ անընդհատ հաղթում են նարդիում, եւ դա մինչ օրս շարունակվում է»,- ասել է Վահան Մարտիրոսյանը: