Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Ստամբուլում այսօր՝ հոկտեմբերի 18-ին կայացած հանդիպման ժամանակ, երկու հատկապես կարեւոր թեմայի են անդրադարձել: Առաջինը՝ Թուրքիան ճանաչել որպես անվտանգ երկիր, որտեղից ժամանող փախստականներին Գերմանիայից կարող են հետ ուղարկել եւ երկրորդը՝ Թուրքիայի եւ Եվրամիության մերձեցման հարցը:
Այսպիսով՝ Մերկելը ցանկանում է Թուրքիայի հետ համագործակցելով հաղթող դուրս գալ միգրացիոն ճգնաժամից: Այդ պատճառով Մերկելը համաձայն է հեշտացնել վիզային ռեժիմը Թուրքիայի քաղաքացիների համար եւ առավել մեծ ֆինանսական օգնություն ցուցաբերել Թուրքիային: Դրա փոխարեն Անկարան պարտավորվում է կանխել Թուրքայի տարածքից դեպի Եվրոպա փախստականների հոսքը: Իսկ ԵՄ-ում գտնվող ապօրինի ներգաղթյալները ձեռք բերված համաձայնության հիման վրա պետք է նորից հետ վերադառնան Թուրքիա:
Հանդիպման ժամանակ Դավութօղլուն գնահատել է Գերմանիայի սահմանները բաց թողնելու Մերկելի որոշումը՝ նշելով, որ դա մարդասիրական ժեստ էր Մերկելի կողմից: Անցում կատարելով Թուրքիայում փախստականների կարիքները հոգալուն՝ Դավութօղլուն ասել է, որ Գերմանիան պետք է աջակցի Թուրքիային՝ հոգալու այդ ծախսերը եւ 3 մլրդ եվրո է պահանջել Գերմանիայից: «Մինչ հիմա ֆինանսական ծանրությունը մենք միայնակ էինք կրում, սակայն այժմ այդ առումով առաջընթաց կա: Մյուս թեման վերաբերում է Թուրքիայի քաղաքացիների համար վիզային սահմանափակումները հանելուն»,- ասել է նա եւ հույս հայտնել, որ եկող տարի այդ հարցում առաջընթաց կլինի:
Անգելա Մերկելը իր հերթին նշել է , որ իրենք շատ հագեցած զրույց են ունեցել: «Գերմանիան եւ Թուրքիան Սիրիայի հարցով հատկապես սերտորեն կսկսեն համագործակցել: Դա միլիոնավոր փախստականների շահերից է բխում: Մենք ֆինանսապես կաջակցենք Թուրքիային: Հասկանալի է, որ Թուրքիան լրացուցիչ գումար է ուզում»,- նշել է Մերկելը:





























