Հայ Ազգային Կոնգրեսի գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ մարտի 1-ին կատարվածի հետաքննելու պահանջը դիտարկվեց իբրեւ մի առանցքային պահանջ, քանի որ բոլորին հասկանալի էր՝ առանց մարտի 1-ի հանգամանքները ճշտելու եւ մեղավորներին պատժելու՝ հնարավոր չէ քաղաքական ճգնաժամի հաղթահարումը Հայաստանում։
«Վարչախումբը ձեւականորեն տեղի տվեց այդ պահանջին՝ ստեղծելով մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով։ Ի սկզբանե, սակայն, դատելով հանձնաժողովի ձեւավորման սկզբունքներից եւ կազմից, ակնհայտ էր, որ այն հիշյալ պահանջի կատարման իմիտացիա էր եւ ոչ ավելին»,- նշեց ՀԱԿ համակարգողն ու հավելեց. «Արդեն տեւական ժամանակ այս հանձնաժողովը պարապուրդի է մատնված եւ մատը մատին չի խփում։ Այս իրողությանը հանդիպման, ՀԱԿ-ի եւ միջազգային կառույցների պարտադրմամբ ստեղծվեց մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող փաստահավաք խումբը ՝ իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչների համամասնական ընդգրկմամբ։ Չնայած իշխանությունների փորձերին՝ վիժեցնելու փաստահավաք խմբի աշխատանքը, ԱԺ ժամանակավոր հանձանժողովը ստացել է փաստահավաք խմբի 3 զեկույց՝ աղաղակող բացահայտումներով։ Հանձնաժողովը, ոտնահարելով իր իսկ հորջորջած առաքելությունից բխող պարտականությունները, ապացուցված փաստերով հիմնավորված այդ զեկույցներն առ այսօր հրապարակային եւ մանրակրկիտ քննարկման առարկա չի դարձրել։ Ավելին՝ հանձնաժողովի անդամները, խախտելով անաչառության սկզբունքը, մինչեւ վերջնական եզրակացության հրապարակումը հանդես են գալիս հայտարարություններով եւ որակումներով, որոնք սպասարկում են իշխանության պաշտոնական վարկածները»։
Ըստ Զուրաբյանի, հանձնաժողովի նման կեցվածքը եւս մեկ անգամ ապացուցում է, որ այն իրականում մարտի 1-ի իրադարձությունների կոծկման եւ պարտակման հանձնաժողով է, որի միակ նպատակը գործող ավազակախմբի սպասարկումն է։ «Ուստի արդեն իսկ կարելի է ասել, որ սեպտեմբերին հրապարակվելիք զեկույցը ֆիկցիա է, այն գրվելու է առկա փաստական նյութի անտեսմամբ»,- մանրամասնեց ՀԱԿ համակարգողը՝ նկատելով, որ ՀԱԿ-ը կոչ է անում փաստահավաք խմբին շարունակել իր գործունեությունը, քանի որ այսօր իր 3 զեկույցների հրապարակումներից հետո այն հաստատվել է որպես իրողությունների եւ ճշմարտության բացահայտման միակ ատյան. «Մենք կոչ ենք անում նաեւ հանդես գալ վերջնական, ամփոփիչ զեկուցով»: Հարցին, թե փաստահավաք խումբը Սերժ Սարգսյանի կարգադրությամբ արդեն իսկ ցրվել է, Հայ ազգային կոնգրեսի համակարգողը պատասխանեց. «Կներեք, մեզ համար Սերժ Սարգսյանի կարգադրությունը որեւէ նշանակություն չի ունեցել, եւ փաստահավաք խմբի ցրելը լեգիտիմ չենք համարում։ Փաստահավաք խումբ գոյություն ունի եւ այսօր միակ ատյանն է, որ կարող է հետամուտ լինել ճշմարտության բացահայտմանը։ Մենք կոչ ենք անում, որ փաստահավաք խումբը շարունակի իր գործունեությունը: Մենք ընդունում ենք, ճանաչում են փաստահավաք խմբին որպես մի ատյան, որն ի զորու է բացահայտել ճշմարտությունը», հայտարարել է Լեւոն Զուրաբյանը։



























