Հարյուր հազարավոր տարիներ առաջ ընտելացնելով շներին ու կատուներին՝ մարդը ներկայում դավաճանում է իր չորքոտանի ընկերներին: Անտուն կենդանիների օգնության հարցը քաղաքակիրթ երկրներում քիչ թե շատ լուծվում է: Հայաստանն այդ առումով չի կարող քաղաքակիրթ համարվել (ֆոտոռեպորտաժ):

Անտուն շների եւ կատուների հանդեպ տեղական իշխանությունների քաղաքականությունը նրանց բարբարոսական մեթոդներով ոչնչացնելն է: Այդ մեթոդներին անհամաձայնություն արտահայտող քաղաքացիները հասարակական կազմակերպություններ են ստեղծում, հսկայական աշխատանք են կատարում՝ փրկելով հիվանդ, վիրավոր, բախտի քմահաճույքին թողնված կենդանիներին:

Հայաստանում այդպիսի մի քանի կազմակերպություններ կան: Դրանցից մեկի՝ «Pawsitive Rescue Armenia»-ի գործունեությանը NEWS.am-ի թղթակցին ծանոթացրեց կազմակերպության կամավոր Դիանան:

Խումբը շուրջ 7 ամիս առաջ ստեղծել են Աստղիկը, Աննան, Նաիրին եւ Արմինեն: Կազմակերպության հիմնադիրներից բացի, շներին խնամելու գործում օգնում են նաեւ կամավորները: «Շատերն օգնում են՝ ինչպես կարող են. դրամով, սննդով, դեղորայքով, այդ թվում՝ արտերկրից»,- նշում է Դիանան:

Փողոցից բերած կենդանիներին նախ անասնաբույժի մոտ են տանում, հետո նոր միայն՝ ապաստան: Կազմակերպությունը երկու կետ ունի. Երեւանում գործող վերականգնողական կենտրոնն ու Էջմիածնի ապաստանը:

Երեւանյան կենտրոն տանում են վիրավոր, հիվանդ կենդանիներին ու ձագուկներին: Կազդուրումից հետո չորքոտանի հիվանդների համար կա՛մ տերերի են գտնում, կա՛մ փոխադրում են Էջմիածնի ապաստան:

Մոխրագույն աչքերով Բրաունն ի ծնե թաթի խնդիր ունի: Տերերը որոշել են ազատվել շնիկից եւ նրան պարզապես փողոց են նետել:

Երկու քույրերը՝ Գերդան եւ կապտաչյա Հելգան:

Չղջիկին մեքենա է հարվածել, հիմա նա կազդուրվում է: Շան վզին վզկապի հետք կա: Հիմա կազմակերպության կամավորները փորձում են գտնել նրա նախկին տերերին:

Երբեմն շներին կոչում են այն վայրի անունով, որտեղ նրան գտել են: Օրինակ՝ Կասկադ: Դա խոշոր շուն է, հնարավոր է՝ գամփռի խառնուրդ:

Իսկ լաբրադորի խառնուրդ Արնին շուրջ 2 տարեկան է: Շանը թողել են ամերիկյան դեսպանության մոտ: «Դա ընտանի շուն է: Կենդանու մոտ լուրջ խնդիրներ են հայտնաբերվել, ենթադրաբար՝ գլխի վնասվածք: Հաջող բուժման հնարավորություն կա Սանկտ Պետերբուրգում, սակայն այդպիսի միջոցներ մենք չունենք: Օրերս եւս մեկ անասնաբույժ քննեց շանը եւ բուժման նոր մեթոդ առաջարկեց: Ամենակարեւորը, որ շունն ապրելու ցանկություն ունի: Նա ուզում է զբոսնել, լավ ախորժակ ունի եւ հրաշալի բնավորություն»,- ասում է Դիանան:

Կենտրոնի հիվանդներից է նաեւ Դոդոն: Նա ամենեւին չի սիրում շներին, բայց շատ է սիրում մարդկանց: Ցավոք, նա ուռուցք ունի, եւ ոչնչով օգնել հնարավոր չէ: «Մենք շատ ենք տխրում, եւ փորձում ենք նրա կյանքի վերջին օրերը հնարավորինս տանելի դարձնել»,- հոգոց է հանում կամավորը:

Էջմիածնի ապաստան այցելությունն ինչ-որ առումով մանկատուն այցելություն է հիշեցնում: Շները մարդու հետ շփման կարիք ունեն. համաձայնեք, որ մի քանի կամավորների համար դժվար է բավականաչափ ժամանակ տրամադրել 80 շներին: Եվ ահա ամեն անգամ ազատ զբոսանքի դուրս գալիս նրանք հավաքվում են անցորդների մոտ, ցատկոտում եւ աչքերին նայում՝ հույսով, որ տերը, վերջապես, եկել է:

Ներկայում ապաստանում շուրջ 80 շուն կա: Մի քանիսին՝ կախված բնավորությունից, տարիքից եւ վարքից, տեղակայել են ընդարձակ ազատավանդակներում: Կենդանիների շրջանում նույնիսկ մշտական զույգեր կան:

Նատալի անունով մեծ ճերմակ շանը վիրավորված բերել են Գավառից: «Նրա վրա կրակել են, սակայն գտնվել է բարեհոգի մի մարդ, որը շանն ապաստան է բերել: Ստիպված եղանք անդամահատել ոտքը»,- ասում է կազմակերպության հիմնադիրներից Աննան:

Մի քանի շների փրկել են «Յուրիգրաֆ»-ից: Արջուկին գտել են հղի վիճակում, թաթի կոտրվածքով: Ծննդաբերել է կամավորներից մեկի ավտոտնակում, հիմա մայրն ու ձագուկները լավ են զգում: Շնիկներից երկուսի համար տերեր են գտել, մյուսները դեռ ապաստանում են:

Էնջելը 2 տարեկան է, բայց արդեն շատ բան է տեսել: Այդ պատճառով շունը փոքր-ինչ բարդ բնավորություն ունի, նա ապաքինման եւ սիրող տիրոջ կարիք ունի:

Սակայն կենդանիների բարդ բնավորությունը կազմակերպության միակ խնդիրը չէ: Բանն այն է, որ տարածքի տերը, որտեղ ապաստանն է տեղակայված, որոշել է այդտեղ շինարարություն սկսել, եւ հիմա ապաստանը նոր վայր է փնտրում: Իրավիճակը բարդանում է նրանով, որ այս ապաստանի ստեղծման եւ բարեկարգման համար բավական մեծ ջանք է գործադրվել:

Մարիամ Լեւինա

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի