Տավուշի մարզում ադրբեջանական գնդակոծությունների հետեւանքով տուժած քաղաքացիները դեռ փոխհատուցում չեն ստացել, թեեւ կառավարությունը որոշումը կայացրել է 2 շաբաթ առաջ:
NEWS.am-ի թղթակցին մարզպետարանից հավաստիացրին, որ հաջորդ շաբաթվանից գյուղացիները կսկսեն գումարները ստանալ:
«Փաստաթղթային ձեւակերպումներն ընթացքի մեջ են, տուժած քաղաքացիների համար անհատական հաշվեհամարներ են բացվում: Մյուս շաբաթվանից արդեն գումարները կսկսեն ստանալ»,- ասացին մարզպետարանից:
Հիշեցնենք, որ կառավարությունը փոխհատուցման վերաբերյալ որոշումը կայացրել է հոկտեմբերի 8-ին: Ըստ այդ որոշման՝ աջակցություն են ստանալու Սեւքար, Ներքին Ծաղկավան, Ոսկեպար, Ոսկեվան, Այգեպար, Բաղանիս, Բարեկամավան, Ներքին Կարմիրաղբյուր, Բերքաբեր, Վազաշեն, Մովսես, Այգեհովիտ, Չինարի, Կոթի, Բերդավան, Պառավաքար, Դովեղ գյուղերի 586 ընտանիքներ, որոնց տները տուժել են կրակոցներից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանը սեպտեմբերի 1-ից պարբերաբար գնդակոծել է Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը:





























