Երկարատեւ պայքարի արդյունքում հիվանդության հիմքով հոկտեմբերի 22–ին պատժի հետագա կրումից ազատված ցմահ դատապարտյալ Սողոմոն Քոչարյանին միակ զավակը` Սյուզաննան, մինչեւ 2014թ. ինքնասպան լինելը ընդամենը 4-5 անգամ էր տեսել։
Սողոմոն Քոչարյանի մայրը՝ տիկին Զինան, հիշում է, որ հարսը մի քանի ամսական հղի էր, երբ որդուն դատապարտեցին մահապատժի` ավելի ուշ պատիժը փոխելով ցմահ ազատազրկմամբ: Սյուզաննան շատ փոքր է եղել, երբ երկու անգամ նրան տարել են հոր մոտ: Մինչեւ 17 տարեկան հորը ճանաչել է միայն լուսանկաներով, նրա մասին հարազատներից լսած պատմություններով:
«Հարցուփորձ էր անում պապայի մասին, ասում էր՝ իմ բոյի՞ս ա, իմ բոյի՞ս չի, ո՞նց ա բնավորությունը: Մենք էլ ասում էինք՝ պապայիդ ես նման՝ բոյով, սիրուն, ուրախանում էր»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմում է Զինա Քոչարյանը:
Սյուզաննան հորն առաջին անգամ երկարատեւ այցելության է գնացել 17 տարեկանում, երբ մայրն արդեն մահացել էր։
«Գրկել էր, բաց չէր թողնում, ասում էինք՝ Սյուզան ջան, թող՝ մենք էլ գրկենք, կարոտներս առնենք, ասում էր՝ չէ, չէ, պապայիս ոչ մեկի չեմ տա: Ասում էր՝ պապ, գաս, իմ հարսանիքին իմ հետ լինես»,- արտասուքն աչքերին հիշում է տիկին Զինան:
Հորն այցելելուց հետո Սյուզաննան ավելի է ընկճվում, բայց հույսը չի կորցնում, որ հորն ազատության մեջ տեսնելու է: Երրորդ այցելությունից հետո 19–ամյա աղջիկը ինքնասպանություն է գործում` նետվելով ժայռից։ Այս տարվա հոկտեմբերի 8–ին Սյուզաննան կդառնար 20 տարեկան։
48–ամյա որդուն հիվանդանոցում խնամող տիկին Զինան, որին այսօր բոլորը շնորհավորում էին որդու ազատվելու առնչությամբ, չի թաքցնում` ուրախությունը լիարժեք չէ. եթե այս որոշումը գոնե մեկ տարի առաջ լիներ, դուստրը նման քայլի չէր դիմի, հիմա իր հետ հորը կխնամեր:
20 տարի անազատության մեջ գտնվող Սողոմոն Քոչարյանը մահապատժի է դատապարտվել 1995թ.՝ Ւրանի Իսլամական Հանրապետության քաղաքացուն Հայաստանում սպանելու համար, սակայն հետո պատիժը փոխարինվել էր ցմահ ազատազրկմամբ: Սողոմոն Քոչարյանը 2-րդ կարգի հաշմանդամ է, ՀՀ սահմանների պաշտպանության եւ ԼՂՀ ազատագրական պայքարի ակտիվ մասնակից։ Հոկտեմբերի 22–ին առաջին ատյանի դատարանը բավարարել է նրա փաստաբանի միջնորդությունը եւ ազատել Քոչարյանին պատժի հետագա կրումից։
Նա այժմ գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի Սրտաբանական բաժանմունքում: Պատերազմի 2-րդ կարգի հաշմանդամ Սողոմոն Քոչարյանը տառապում է սրտի իշեմիկ հիվանդությամբ՝ 4-րդ աստիճանի սրտային անբավարարությամբ (իշեմիկ կարդիոմիոպաթիա), ունի հետինֆարկտային խրոնիկ անեւրիզմա, հիվանդ է նաեւ կանգային թոքաբորբով: Այս հիվանդությամբ նա ենթակա էր պատժից ազատման` համաձայն Կառավարության 825-Ն որոշմամբ հաստատված պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկի:
Լուսանկարը՝ hetq.am-ի





























