Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցում այսօր պատարագ է մատուցվել 2008թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին:

Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստները վերջին երկու շաբաթների ընթացքում այցելություններ են կատարել 2008թ. մարտի 1-ին զոհվածների ընտանիքներին եւ գերեզմաններ:

Այցելություններն այսօր եզրափակվեցին Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցված պատարագով: Պատարագից հետո ՀԱԿ ակտիվիստները, զոհերի հարազատները եւ պարզապես շարքային քաղաքացիներ լուռ երթով շարժվեցին Մյասնիկյանի արձանի մոտ՝ մոմեր վառելու: Զոհերի հարազատները Մյասնիկյանի արձանի մոտ լցրեցին նաեւ յուրաքանչյուր զոհվածի գերեզմանից վերցված հող՝ դրանով եւս մեկ անգամ միացնելով բոլոր զոհվածներին: Ակցիայի կազմակերպիչներից Արամ Մանուկյանը NEWS.am-ին հայտնեց, որ այսօրվա միջոցառումը ամփոփիչ միջոցառում էր: «Անցած երկու շաբաթում այցելել էինք մարտի 1-ի զոհերի եւ անցած տարվա ընթացքում ՀԱԿ մահացած ակտիվիստների ընտանիքներին»,- նշեց Մանուկյանը եւ հայտնեց, որ ակցիայի մասնակիցները այցելել են նաեւ մարտի 1-ին զոհված ոստիկանության աշխատակիցների գերեզմաններ:

Ի դեպ, ոստիկաններն այսօրվա ակցիան չէին խոչընդոտում: իսկ Երեւանի քաղաքապետարանի մոտ երթի մասնակիցները հանդիպեցին Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին: Վերջինս հեռվից մի պահ նայեց երթը եւ արագ մտավ քաղաքապետարան: