ՌԴ Կեմերովոյի շրջանի Պրոկոպեւսկ քաղաքի բնակիչը, որին ավելի վաղ ավելորդ քաշի պատճառով ժամանակավորապես ոչ պիտանի էին ճանաչել զինվորական ծառայության համար, 46 կգ նիհարել է, ինչի շնորհիվ նրան արդեն նոյեմբերին թույլ կտան բանակ գնալ: Երկուշաբթի այս մասին հայտնել է կենտրոնական ռազմական օկրուգի պաշտոնական ներկայացուցիչ գնդապետ Յարոսլավ Ռոշչուպկինը:

«Կուզբասի Պրոկոպեւսկից զորակոչիկ՝ քսանամյա Սերգեյ Մալյովանին բանակում ծառայելու համար 46 կգ-ով նիհարել է: Այսպիսով, նա զինծառայության պիտանելիության իր կատեգորան «Գ» մակարդակից (զինծառայության համար ժամանակավորապես ոչ պիտանի) բարձրացրել է «Ա»-ի ( պիտանի է առանց սահմանափակումների), ինչը թույլ կտա նրան ծառայել հատուկ նշանակության ջոկատում, հետախուզությունում ու օդադեսանտային զորքերում »,- ասել է նա, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ռոշչուպկինի խոսքով, այս տարվա գարնանը զորակոչիկը դիմել էր Կեմերովոյի շրջանի զինկոմիսարիատ՝ խնդրելով, որ իր ծառայությունն անցնի օդադեսանտային զորքերում, բայց նրան մերժել էին, քանի որ 171 սմ հասակի դեպքում 130 կգ քաշ ուներ: Զինկոմիսարիատում Մալյովանիին առաջարկել էին գոնե մինչեւ 90 կգ նիհարել:

«Մարտական սամբոյի ինտենսիվ պարապմունքների, ընդհանուր ֆիզիկական նախապատրաստվածության, նաեւ դիետայի օգնությամբ երիտասարդը գերազանցել է այդ ցուցանիշը՝ աշնանը բժշկական հանձնաժողովը արձանագրել է, որ նրա քաշը 84 կգ մակարդակում է»,- պատմել է Ռոշչուպկինը:

Աշնանային զորակոչը սկսվել է հոկտեմբերի 1-ին: Կենտրոնական ռազմական օկրուգի զինկոմիսարիատները ավելի քան 63 հազար զորակոչիկ են ուղարկելու  ՌԴ Զինված ուժեր ու այլ գերատեսչություններ, որտեղ նախատեսված է զինվորական ծառայություն: