Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության արդեն նախկին ղեկավար Ռուբիկ Հակոբյանը կարծում է, որ խմբակցությունում քաոսային իրավիճակ չէ եւ առաջիկայում բոլոր խնդիրները կլուծվեն:
«Մենք նիստ չենք արել: Չեմ կարծում, որ քաոսային իրավիճակ է: Ժամանակի ընթացքում բոլոր խնդիրները կլուծվեն: Մենք նիստ կանենք, կքննարկենք եւ կընտրենք խմբակցության ղեկավարի»,- այսօր՝ հոկտեմբերի 26-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ռուբիկ Հակոբյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է իր հրաժարականից հետո խմբակցությունում քաոսային իրավիճակ ստեղծվեց, ու հնարավոր չի լինում խմբակցության ղեկավար ընտրել:
Նրա խոսքով՝ խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանն արդեն մանրակրկիտ անդրադարձել է խնդրին:
Նշենք, որ խմբակցությունն արդեն մեկ ամիս է՝ ղեկավար չունի: Չորս պատգամավորները չեն կարողանում հավաքվել եւ միասնական որոշում կայացնել:
Խմբակցությունում «Ժառանգություն» կուսակցությունը ներկայացնում է միայն Զարուհի Փոստանջյանը, ով հոկտեմբերի 5-ին համապատասխան դիմում է ներկայացրել ԱԺ նախագահին, սակայն պարզվում է, որ ԱԺ նախագահն ի գիտություն չի ընդունել դիմումը, քանի որ խմբակցությունը նիստ չի արել եւ միասնական որոշում չի կայացրել:





























