Խնդիրները հաճախ չլուծված են մնում ոչ միայն համայնքապետների անհետեւողական աշխատանքի, այլեւ՝ հետագայում վերընտրվելու հնարավորությանը չվնասելու պատճառով: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 26-ին, համայնքապետների համար կազմակերպվող դասընթացների հերթական փուլի բացման ժամանակ հայտարարել է Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը:

ԼՂՀ կառավարությունից հայտնում են, որ կարեւորելով դասընթացների կազմակերպումը՝ վարչապետը համոզմունք է հայտնել, որ այն կնպաստի տեղական ինքնակառավարման   մարմինների ինստիտուտի կայացմանը հանրապետությունում, եւ համայնքապետները կսկսեն ավելի համարձակորեն օգտվել իրենց լիազորություններից:

Անդրադառնալով համայնքային խնդիրներին՝ վարչապետը, մասնավորապես, նշել է. «Գյուղական բնակավայրերի գլխավոր խնդիրներից են անկանոն անասնապահությունը, չկարգավորված աղբահավաքությունը եւ  հանրօգուտ կոլեկտիվ աշխատանքի բացակայությունը: Խնդիրները հաճախ չլուծված են մնում ոչ միայն համայնքապետների անհետեւողական աշխատանքի, այլեւ՝ հետագայում վերընտրվելու հնարավորությանը չվնասելու պատճառով, ինչն արատավոր երեւույթ է: Ակնկալում եմ, որ դասընթացների ժամանակ կքննարկեք նաեւ նշյալ հիմնախնդիրների լուծման տարբերակները»:

Հանդիպման ավարտին վարչապետը հորդորել է դասընթացի մասնակիցներին լինել ակտիվ ու նախաձեռնող, փորձել համապատասխան պաշտոնյաներից ստանալ հուզող հարցերի վերաբերյալ պարզաբանումներ եւ ձեռքբերված գիտելիքները հետագայում կիրառել աշխատանքում: