Մոսկվայում հոկտեմբերի 21-22-ին տեղի ունեցած «Մաքսային ծառայություն-2015» միջազգային ցուցահանդեսին Հայաստանի ֆինանսների նախարարության մաքսային ծառայությունը ներկայացել է արդիականացվող սահմանային անցակետերով, առեւտրի «մեկ պատուհան» ընթացակարգով, փոստային եւ սուրհանդակային առաքումների պարզեցված հսկողության էլեկտրոնային համակարգով, ինչպես նաեւ մաքսային հսկողության հուսալի տեխնիկայով ու Դիլիջանի ուսումնական կենտրոնով:

Ֆիննախից NEWS.am-ին հայտնեցին, որ ցուցահանդեսն անցկացվում է Մոսկվայում արդեն 16-րդ անգամ «Եվրասիական տնտեսական միություն. մաքսային համակարգն ու տնտեսությունը» խորագրով: Ցուցահանդեսը համախմբել է 32 պատվիրակությունների ոչ միայն Եվրասիական տնտեսական միության երկրներից, այլեւ Եվրոպայից: Նրանց մեջ կան նաեւ մաքսային սպասարկման համար նախատեսված նորարարական սարքավորումներ ու գիտատեխնիկական մշակումներ ներկայացնող արտադրական ձեռնարկություններ:

Ցուցահանդեսի շրջանակում անցկացվող կլոր սեղան-քննարկումներին եւ ինտերնետ առեւտրի մաքսային հսկողությանը նվիրված միջազգային համաժողովին մեր երկրի մաքսային համակարգը ներկայացել է նաեւ ժամանակի մարտահրավերներին ընդառաջ մշակված տեխնոլոգիական լուծումներով:

Հայկական տաղավար այցելած Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայության ղեկավար Անդրեյ Բելյանինովին եւ Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Սերխիո Մուխիկային տպավորել է մեր երկրի մաքսային համակարգի տեխնիկական զինվածությունը, որով իրականացվում է արագ եւ օպտիմալ հսկողություն: Բելյանինովը մեծ ուրախությամբ ողջունել է Հայաստանի մուտքը ոչ միայն «Մաքսային ծառայություն-2015» ցուցահանդես, այլեւ  Եվրասիական տնտեսական միություն` ընդգծելով, որ Հայաստանի մաքսային ծառայությունը` ընթացակարգերի էլեկտրոնայնացմամբ, օրինակ է ծառայում ժամանակակից մաքսային համակարգ ունենալուն ձգտող երկրների համար:

 «Մաքսային ծառայություն-2015» միջազգային ցուցահանդեսը, որն այցելել է նաեւ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, անց է կացվում մաքսային ծառայողի օրվան ընդառաջ: Այն Ռուսաստանում նշվում է հոկտեմբերի 25-ին: