Գյումրիում ավերիչ երկրաշարժի հետեւանքով արդեն 27 տարի անօթեւան մնացած քաղաքացիներին բնակարանների գնման վկայագրեր տրամադրելը նպաստում է արտագաղթին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Շիրակից մեծամասնականով ընտրված Մարտուն Գրիգորյանը՝ անդրադառնալով Գյումրիի քաղաքապետի հայտարարությանը, թե ինքն այնքան ժամանակ աշխատավարձ չի ստանալու, քանի դեռ կան տնակում բնակվող քաղաքացիներ:
«Ես չգիտեմ՝ Սամվել Բալասանյանի աշխատավարձն ինչքան է, կամ ինչքան պիտի սպասի՝ այն ստանալու համար: Ես մի բան գիտեմ. 27 տարի այս խնդիրը բոլորիս տանջել է, 27 տարի բոլորս իմացել ենք, որ Գյումրիում կան տնակներում բնակվող մարդիկ, այդ թվում գյումրեցի պաշտոնյաները: Բոլորս մտահոգ ենք եղել: Ինքս, սակայն, դեմ եմ ԲԳՎ-ներին, քանի որ բնակարանների գնման վկայագրեր տալով՝ մենք նպաստում ենք արտագաղթին»,- ասաց Մարտուն Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ Գյումրիում անօթեւանների հարցը պետք է լուծել կառուցապատման միջոցով, այն է՝ բնակարաններ կառուցելով, ոչ թե գնման վկայագրեր բաժանելով: Այնուամենայնիվ, պատգամավորն ընդգծեց, որ ահռելի աշխատանք է իրականացվում, թեկուզ ԲԳՎ-ների շնորհիվ մարդիկ բնակարաններ են ստանում:
Հիշեցնենք, որ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանն օրերս հայտարարել է, որ ինքը՝ որպես Գյումրու քաղաքապետ, աշխատավարձ չի ստանալու այնքան ժամանակ, քանի դեռ կա տնակում բնակվող թեկուզ մեկ գյումրեցի:





























